Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները: Արդեն մի քանի օր է, ինչ Թուրքիան պատերազմական գործողություն է սկսել սահմանակից Սիրիայի քրդաբնակ Աֆրինում։

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը, խոսելով Աֆրինում տեղի ունեցող իրադարձությունների մասին, նշեց, որ այս պահին դժվար է ասել՝ ինչ իրավիճակ է Աֆրինում, քանի որ թե՛ թուրքական սոցցկայքերին, թե՛ լրատվամիջոցներին խստիվ արգելվել է իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության մասին արտահոսքը: 

«Մի բան հայտնի է՝ Աֆրինում անջատված են կապի միջոցները, սակայն ձեռք բերված լուսանկարների համաձայն՝ բնակչության շրջանում մեծաթիվ զոհեր կան, կան խոցված զրահամեքենաներ, տանկեր: Ավելին այս պահին դժվար է տեղեկանալ, քանի որ Թուրքիան հրահանգ է իջեցրել՝ արգելելով տեղեկատվության արտահոսքը: Թուրքիայում արտակարգ դրություն է, սոցցանցերում կատարած ցանկացած գրառման համար ձերբակալում են, ուստի շատերը, ունենալով տեղեկություններ, պարզապես վախենում են դրա մասին գրառում կատարել»,- նկատեց Իսպիրյանը: 

 

Հարցին՝ ինչ իրավիճակ կստեղծվի Սիրիայի շուրջ՝ վերջին օրերին Թուրքիայի՝ Աֆրին ներխուժումից հետո, թուրքագետը պատասխանեց.

«Ռազմական գործողութոյւնները սկսելուց առաջ Թուրքիան այդ մասին տեղեկացրել էր թե՛ ՌԴ-ին, թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Սիրիայի իշխանություններին: Թուրքիան նշում էր, որ իրենք ցանկություն չունեն կասկածի ենթարկել Սիրիայի տարածքային ամբողջականութոյւնը, իրենց անվտանգությունն ապահովելու համար են սկսել պայքարել սահմանին գտնվող «ահաբեկչական կառույցի» դեմ»

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն իր կարևորությունը կորցնում է այն առումով, որ այդ տարածքում պատասխանատուն Ռուսաստանն է և վերջինիս լուռ համաձայնության շնորհիվ Թուրքիան կարողացավ հարձակում գործել. «Չմոռանանք, որ գործողությունը սկսվեց այն բանից հետո, երբ Թուրքիայի Ազգային անվտանգության վարչության պետը և ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելեցին ՌԴ, հանդիպեցին բարձրաստիճան զինվորականների հետ: Այսինքն, որևէ կասկած չկա, որ ՌԴ-ն որոշակի համաձայնություն է տվել ինչ-ինչ շահերի դիմաց»,- նշեց թուրքագետը: 

Նշենք, որ Թուրքիայի ագրեսիան Իրանը  պաշտոնապես դատապարտեց, Ֆրանսիան դիմեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին Աֆրինի հարցով արտակարգ նիստ հրավիրելու համար: Իսպիրյանը տարօրինակ է համարում այն, որ աշխարհում դատապարտողները շատ քիչ են, քանի որ օրը ցերեկով զորք է մտնում այլ տարածք և ռմբակոծվում է միլիոնից ավել մարդկանցով բնակեցված տարածքը: 

Թուրքագետը զավեշտալի է համարում ԱՄՆ-ի պատասխանը, երբ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի հայտարարեց, որ Թուրքիան իրենց տեղեկացրել է այդ մասին և միասին են աշխատելու: Այսինքն՝ բոլոր կողմերը քրդերին թողեցին Թուրքերի դեմ մենակ:

Իսպիրյանն այն կարծիքին է, որ Թուրքիայի հարձակման հարցում Ասադն ամեն դեպքում իր շահն ունի, քանի որ քրդական գործոնը կթուլացվի. «Թուրքիան ընդունում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, սա նշանակում է, որ հետագայում, խաղաղ ժամանակ, քրդերը կանցնեն Սիրիայի իշխանության տակ՝ առանց որևէ խնդրի, և սիրիական զորհերը շատ հանգիստ կմտնեն այդ տարածք»,- ասաց նա:

 

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին, թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ: