Արաբկիր վարչական շրջանում նախընտրական «գործընթացը» մեկնարկել է: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այս պայքարը թեժ է լինելու. երեկ ԱԺ նիստերի դահլիճում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց այն մասին, որ թեկնածուներից «Հանրապետական» կուսակցությունում հանգրվանած Արտակ Սարգսյանը՝ «ՍԱՍ-ի Արտակը», որոշել է դիմել ավանդական գործելաոճի օգնությանը: ՍԱՍ սուպերմարկետի աշխատակիցներն այս օրերին ստիպված են փաստացի գրանցվել Արաբկիր վարչական շրջանում: Արտակ Սարգսյանն իր աշխատակիցներին հրահանգել է, որ աշխատանքային ժամին գնան եւ տներից բերեն իրենց անձնագրերը, որպեսզի գրանցման հարցերն արագ կարգավորեն:


Քաղաքական առումով ևս Արտակ Սարգսյանը լուրջ խնդիրների առաջ է կանգնած, քանի որ Արաբկիրում ՀՀԿ-ից ռեյտինգայինով առաջադրվելու է նաև Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանը, իսկ այս դեպքում արաբկիրցիների գերակշիռ հատվածը միանշանակ կընտրի վերջինիս՝ անտեսելով բոլոր ընտրակաշառքներն ու այլ մեթոդները, որոնք նախընտրական այս փուլում գործի է դրել «ՍԱՍ-ի Արտակը»:


Այս նույն ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակում ընդգրկված է «Արաբկիր» բժշկական համալիրի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը։ ՀՀԿ այս երկու ներկայացուցիչներն արդեն խոչընդոտներ են ստեղծում միմյանց համար։ Բանն այն է, որ Արաբկիրի դպրոցների ու մանկապարտեզների կոլեկտիվները բաժանվել են երկու խմբի։


Ըստ մամուլում այս օրերին շրջանառվող լուրերի՝ դպրոցների տնօրենները սկսել են մանկավարժական կոլեկտիվներից հավաքագրել անձնագրային տվյալներ։ Որոշ դպրոցներում ասել են, թե Բաբլոյանի որդու համար են հավաքում, որոշներն էլ՝ «ՍԱՍ-ի Արտակի»։ Ավելին՝ ուսուցիչների վրա շատ տեղերում պլան է դրվել բացի իրենց անձնագրային տվյալներից՝ ևս 8 մարդու անուն-ազգանուն և անձնագրային տվյալ ներկայացնել։ Ի դեպ՝ Արաբկիրի ուսումնական հաստատությունների տնօրեններն էլ այսօր երկու բանակի են բաժանված. ռեյտինգայինի մասով, իհարկե։


Թվում էր, թե անկախությունից ի վեր՝ մեր երկրի քաղաքական մշակույթում արմատացած «ձայն բերելու» այդ դառը սովորությունը պետք է որ տեղը զիջեր նախընտրական օրինական պայքարին: Բայց արի ու տես, որ այս առումով որևէ դրական տեղաշարժ չի նկատվում. վկայությունը՝ Արաբկիրում տեղի ունեցող նախընտրական զարգացումներն են, որոնք հիշեցնում են ամեն ինչ՝ բացի ազատ, արդար ընտրությունների նախապատրաստությունից….

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ