Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 13-ին, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում դռնփակ դատական նիստ էր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի Քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Կարեն Խանումյանը միջնորդությամբ դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ 38-ամյա Աշոտ Գևորգյանի նկատմամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Գևորգյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (Սպանություն) հատկանիշներով: Դատական դռնփակ նիստը տեղի ունեցավ հիվանդասենյակում և դատավոր Վաղինակ Մկրտչյանը հիվանդասենյակում դռնփակ նիստն անցկացնելուց և հիվանդանոցի միջանցքը՝ որպես խորհրդակցական սենյակը օգտագործելով, վերադառնալով հիվանդասենյակ, որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը, և Ա. Գևորգյանը վերցվեց 2-ամսյա կալանքի: Հիվանդանոցում էին գտնվում Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ քննչական բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, քննիչը նաև որոշում է կայացրել, որպեսզի Ա. Գևորգյանը ենթարկվի դատահոգեբուժական փորձաքննության, քանի որ նա նախկինում, գյուղացիների պատմելով, եղել է հոգեբույժ-հոգեբանների հսկողության տակ: Մեկ-երկու օրվա ընթացքում Ա. Գևորգյանը տեղափոխվելու է ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության ենթակայության տակ գտնվող հիվանդանոց (Ցեբե): Ինչպես ավելի վաղ Ակունք գյուղից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 9-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել։ Ֆոտոլրագրողը հայտնել է, որ Ակունք գյուղ մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նշված գյուղից «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 5-ամյա Մարիամ Գասպարյանը, 12-ամյա Շողակաթ Գասպարյանը տեղափոխվել էր Աբովյանի բժշկական կենտրոն, իսկ մահացած վիճակում Աբովյանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 30-ամյա Անուշ Գասպարյանը։ Ըստ ֆոտոլրագրողի՝ Մարիամն ու Շողակաթը Անուշի երեխաներն են։ Ֆոտոլրագրողը հայտնել է նաև, որ այդ պահին Աբովյանի բժշկական կենտրոն էր տեղափոխվում ամուսինը, ով նույնպես մարմնական վնասվածքներ էր ստացել։ Թե ի՞նչն է մոր մահվան և երեխաների ու ամուսնու վիրավորվելու պատճառը, այդ պահին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի և նույն բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզում էին։ Աշխատանքները ղեկավարում էին մարզի ոստիկանապետ Գրիշա Բադալյանն ու քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանը։ Գյուղում ֆոտոլրագրողին պատմել են նաև, որ ամուսինն էր այդ քայլին դիմել, սակայն դա պետք է պարզվեր քննության ընթացքում։ Ավելի ուշ նշված հասցե են ժամանել նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Առաքելյանի և Քննչական բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ, ովքեր, ընթերակաների ներկայությամբ բացելով տանը դուռը, ականատես եղան զարհուրելի տեսարանի։ Տան խոհանոցի և հյուրասենյակի հատակն ամբողջովին արյան մեջ էր պատված, իսկ գետնին օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է խոհանոցային 5 դանակ, որոնք ավագ քննիչ Խանումյանի կողմից առգրավվեցին և փաթեթավորվեցին, որպեսզի պարզվի, թե հայտնաբերված որ դանակով էր տեղի ունեցել սպանությունը։ Ֆոտոլրագրողը հայտնել է, որ փաստի առթիվ Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Վ. Պապյանի հանձնարարականով արդեն հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Ա. Առաքելյանը հայտնեց, որ եղել է հիվանդանոցներում, որտեղ տեղափոխվել էին երեխաները. երեխաներից մեկին վիրահատում էին այդ պահին, մյուսն էլ գտնվում էր բժիշկների հսկողության տակ։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի