Հունիսի 2-ի կեսգիշերին Գորիսում հնչած կրակոցներին և դրան հաջորդած զարգացումներից հետո մթնոլորտը կտրուկ փոխվել է: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը: Նա հերքել է տեղեկություններն այն մասին, թե Սյունիքում տիրում է վախի մթնոլորտ: «Այդպիսի բան գոյություն չունի, Գորիսն իրա խաղաղ կյանքով է ապրում: Անշուշտ ամեն ինչ հանդարտվել է»,- ասել է Նելսոն Ոսկանյանը: Հարցին, թե ինչով է զբաղված Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, արդյոք հանդիպել է նրա հետ, Գորիսի քաղաքապետը տվել է հետևյալ պատասխանը. «Այո, իրա սովորական գործերով, գիտեք, որ ժամանակավոր պաշտոնաթող է եղել, ինքը իրա առօրյա կյանքով է ապրում: Ինչ կա, մարդը իրա կյանքով է ապրում, էլի»: Ըստ երևույթին Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը տեղյակ չէ, որ Սուրեն Խաչատրյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, և որ օրեր առաջ ՀՀ կառավարությունը այն հաստատել է:

Ի դեպ, Նելսոն Ոսկանյանը հերքել է նաև Սուրեն Խաչատրյանի և նրա մերձավորների, հատկապես որդիների կատարած չարագործությունները՝ այս առումով նշելով. «Հարգելիս, ես արդեն 25 տարի է շփվում եմ մեր Սուրեն Սերգեյիչի հետ, և կյանքում այդպիսի բան չեմ տեսել, մարդը կարգապահ, պահանջկոտ մարդ ա»:

Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը հայտարարել է, որ Սուրեն Խաչատրյանի տանից հայտնաբերված զենքերը եղել են որսորդական, և քանի որ Սուրեն Խաչատրյանը մենակ չի գնում որսի, զենքերն էլ շատ են եղել: «Եթե Ձեր կարիքների, հաճույքների համար, որսորդության համար… Դուք չե՞ք ունենում զենք, կամ եթե երեք հոգով եք գնում որսի, մի զենքո՞վ եք գնում, որսորդական զենքեր են, ուրիշ բան չկա, իսկ որսորդական զենքերն էլ օրենքը թույլ է տալիս»,- մեզ հետ զրույցում ասել է Նելսոն Ոսկանյանը:

Ըստ Գորիսի քաղաքապետի՝ սյունեցիները դեմ չեն լինի, որ Սուրեն Խաչատրյանը դարձյալ նշանակվի մարզպետ:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին, ժամը 00:10-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան բակում հնչել էին կրակոցներ, ինչի հետևանքով սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը: Վերջինիս հարազատ եղբայրը ևս վիրավորվել է և շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում:

Փայլակ Ֆահրադյան