Մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը Գորիսի ալրաղացի տնօրեն Սպարտակ Հակոբյանին պարտադրում է գնել իր բնակարանը:

ԳԱԼԱ-ն կապ հաստատեց պարոն Հակոբյանի հետ և փորձեց պարզել, թե արդյոք տարածված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: «Այդ մասին գրողները ինձ լավ չեն ճանաչում: Ինձ ինչ-որ բան կարող են պատրադրել Հայաստանի օրենքները: Կարող էր պարտադրել նաև հայրս, ով ցավոք շուտ է մահացել: Ես տան կարիք չունեմ: Այս ինֆորմացիան ոչ թե 99, այլ 100 տոկոսով սխալ է: Իսկ Սուրեն Խաչատրյանը իմ 30 տարվա մտերիմ ընկերն է»,-նշել է Սպարտակ Հակոբյանը:

Հարցին, թե ըստ Հակոբյանի՝ ինչից են սկսվել վերոնշյալ խոսակցությունները, և որքանով Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը կապ ունի դրանց հետ, Հակոբյանը պատասխանել է, որ խիստ կասկածում է, որ Հարությունյանը դրա հետ կապ ունի և հավելում, որ եթե Գորիսում գոնե մեկ մարդ կգտնվի, ով բացահայտ կկանգնի ու կխոսի իր հետ այն մասին, որ շրջանառվող խոսակցությունները ճիշտ են, ապա ինքը պատրաստ կլինի խոսել վերջինիս հետ և հասկանալ, թե որոնք են նրա ներկայացրած հիմքերը:

Արաքս Մամուլյան