Lragir.am. Հյուսիսային Իռլանդիայում աշխատանքներ է սկսել Մեծ քսանյակի վեհաժողովը, որտեղ, ինչպես հայտարարվել է, հնչելու է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը: Փորձագետներն արդեն հայտարարել են, որ փաստաթուղթն, ըստ երեւույթին, կդառնա «եռյակի» նախկին արած հայտարարությունների կրկնությունը՝ որոշ նրբերանգներով:
Հիշեցնենք, որ 2009 թվականի հուլիսի 10-ին Լ'Ակվիլայում նախագահները կոչ են արել Հայաստանին ու Ադրբեջանին «վերացնել մնացած մի քանի տարաձայնությունները եւ ավարտին հասցնել հիմնական սկզբունքների համաձայնեցումը, որոնք կկազմեն համապարփակ կարգավորման նախագիծը»:
2010 թվականի հունիսի 26-ին Մուսկոկում հրապարակվել են կարգավորման սկզբունքները' «Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների վերադարձ, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որը կապահովի անվտանգության ու ինքնիշխանության երաշխիքները, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող միջանցք, Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վերջնական որոշում նրա բնակչության՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով, ներքին տեղահանված եւ փախստականների վերադարձ բնակության նախկին վայր, անվտանգության միջազգային երաշխիքներ՝ ներառյալ խաղաղարար գործողություններ»:
2011 թվականի մայիսի 26-ին Դովիլում հայտարարվել է, որ ուժի կիրառումը հանգեցրել է առճակատման ներկայիս իրավիճակի եւ անկայունության ծագմանը: «Ուժի կիրառման կրկնությունը միայն նոր տանջանքներ կբերի եւ կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Մենք կոչ ենք անում կողերի առաջնորդներին բնակչությանը խաղաղության, այլ ոչ թե պատերազմի նախապատրաստել»: Կրկին կոչ է հնչեցվել ամեն ինչ արագ համաձայնեցնելու վերաբերյալ, սակայն արդեն աանց հղում անելու «կարգավորման հիմնական սկզբունքներին»:
2012 թվականի հուլիսի 19-ին Լոս Կաբոսում Մեծ քսանյակի վեհաժողովում հայտարարվել է. «Ցավում ենք, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները վճռական քայլեր չեն ձեռնարկել: Այդուհանդերձ, արդեն ձեռք բերված առաջընթացը պետք է խթան հանդիսանա համընդհանուր խաղաղությունն ապահովող շրջանակային պայմանավորվածության աշխատանքներն ավարտին հասցնելու համար»:
«Սեփական քաղաքական կամքը հաստատելու համար նրանք պետք է զերծ մնան բանակցություններում մաքսիմալիստական դիրքերից, հետեւեն 1994 թ հրադադարի համաձայնագրին եւ խուսափեն թշնամական հռետորաբանության աճող լարվածությունից: Մենք կոչ ենք անում առաջնորդներին ղեկավարվել Հելսինկյան Եզրափակիչ ակտի սկզբունքներով, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմամբ, տարածքային ամբողջականությամբ, իրավահավասարությամբ եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքով, ինչպես նաեւ 2009 թ Ակվիլայում եւ 2010 թ Մուսկոկում մեր երկրների արած հայտարարություններում նշված կարգավորման տարրերով»,- նշված էր հայտարարության մեջ:
2013 թվականին իրավիճակը տարածաշրջանում փոքր ինչ այլ է: Միայն մի քանի տարր նշենք: Ձախողվել է Ղարաբաղում Հայաստանի զիջումների հաշվին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ռուսական նախաձեռնությունը: Թուրքիան գտնվում է ներքաղաքական ճգնաժամում, որը հղի է տարածաշրջանային աղետներով: Իրանում իշխանության է եկել չափավոր ռեֆորմատոր նախագահ, ով լիովին կարող է հարթել հարաբերություններն Արեւմուտքի հետ, ինչը կհանգեցնի Իրանի միջոցով տարածաշրջանային հաղորդուղիների բացմանը: Հայաստանում ավարտվել է ընտրական փուլը, եւ նոյեմբերին պատրաստվում է ԵՄ հետ Ասոցիացիայի ստորագրմանը: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանում աշնանը բուռն ընտրական իրադարձություններ են սպասվում:
Սակայն ամենագլխավորն այն է, որ Հարավային Կովկասում ազդեցության հարցով Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հակասությունները շարունակվում են, ինչը նշանակում է, որ ստատուս-քվոն ձեռնտու է բոլորին: Հայտարարությունից հետո Արեւմուտքը կրկին պնդելու է, որ Ադրբեջանն ապաարգելափակի հաղորդուղիներն առանց քաղաքական կարգավորման, իսկ Ռուսաստանը շարունակելու է խոչընդոտել դրան:  

Նաիրա Հայրումյան