Lragir.am-ի տվյալներով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները՝ Բարակ Օբաման, Ֆրանուսա Օլանդը եւ Վլադիմիր Պուտինը, հունիսի 18-ին Հյուսիսային Իռլանդիայում Մեծ Ութնյակի Վեհաժողովի շրջանակում հանդես են եկել Արցախի հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ: Սա հինգերորդ անընդմեջ հայտարարությունն է, որ երեք երկրների նախագահների մակարդակով արվում է արցախյան թեմայով:
Ընդ որում, նախագահները հղում են արել նախորդ չորս հայտարարություններին եւ նշել, որ այդ չորս հայտարարությունները պետք է հիմք դառնան հակամարտության կարգավորման արդար եւ տեւական լուծման համար:
Համանախագահ երկրների նախագահները նաեւ հայտարարում են, որ խոր ափսոսանք են հայտնում այն կապակցությամբ, որ հակամարտող կողմերն առ այսօր չեն կարողացել գտնել խնդրի լուծում: Նրանք հայտարարում են, որ կողմերը փոխանակ փնտրեն փոխադարձ շահերը հաշվի առնող լուծում, շարունակում են ձգտել միակողմանի ելքի:
Նախագահները հայտարարում են, որ «համոզված են, որ հավասարակշռված շրջանակային համաձայնագրի հետագա ձգձգումը» անընդունելի է եւ կոչ են անում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին կենտրոնանալ դեռեւս բաց մնացած հարցերի լուծման վրա:
Երեք նախագահները համարում են, որ նախորդ չորս հայտարարությունների ընթացքում նշված դրույթները պետք է հաշվի առնվեն որպես մեկ ամբողջություն: Նրանք հայտարարել են նաեւ, որ որեւէ մի կողմին նախապատվություն տալու որեւէ փորձ բացառում է հավասարակշռված որոշման հնարավորությունը:
«Մենք վճռականորեն կոչ ենք անում բոլոր կողմերի ղեկավարներին ևս մեկ անգամ վերահաստատել Հելսինկյան սկզբունքներին հավատարմությունը, մասնավորապես՝ ուժի և սպառնալիքի անընդունելիություն, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք» հայտարարել է Օբաման, Օլանդը եւ Պուտինը:
Այսպիսով, երեք նախագահների հայտարարությունը փաստացի որեւէ նոր բան չպարունակեց, որը կարող էր նախանշել ղարաբաղյան հարցում որեւէ նոր զարգացում: Ըստ ամենայնի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին ուղղված կոչը պետք է դիտարկել որպես նախագահների մակարդակով հանդիպում անցկացնելու հորդոր: Ինչպես հայտնի է, վերջին շրջանում այդ հանդիպման կապակցությամբ եղան իրարամերժ տեղեկություններ՝ նախ տեղեկություն եղավ, որ հանդիպում կլինի, իսկ հետո այն հերքվեց, եւ երկու դեպքում էլ աղբյուրները պաշտոնական չէին:
Որեւէ այլ առումով հայտարարության մեջ երեւի թե աչքի ընկնող բան չկար, կամ աչքի է ընկնում այն, որ երեք երկրների նախագահները փաստացի վերհաստատում են ստատուս-քվոյի առկայությունը, եւ կարծես թե առկա է պայմանավորվածություն չանել առանձնապես այնպիսի քայլեր, որոնք կարող են կտրուկ փոփոխությունների հանգեցնել առկա իրավիճակում:
Սա նաեւ սպասված հեռանկար էր, այն իմաստով, որ տարածաշրջանում գերտերությունների ազդեցության իմաստով ուժերի հավասարակշռությունն այնպիսին է, որ նրանցից որեւէ մեկը չունի կարճաժամկետ իմաստով բեկումնային նախաձեռնությունների հնարավորություն: Այդ իսկ պատճառով, Հարավային Կովկասում գործընթացներն ամենայն հավանականությամբ կշարունակեն զարգանալ այսպես ասած ներքին, խորքային տրամաբանությամբ եւ առավել հեռահար ու նուրբ տեխնոլոգիական հաշվարկներով:
Նախագահների հայտարարության մեջ ուշագրավ է նաեւ այն, որ փաստացի չկա ակնարկ կարգավորման գործընթացում որեւէ նոր դետալի կամ գաղափարի հավանականության վերաբերյալ, ինչը վկայում է, որ համանախագահ երկրներն ըստ ամենայնի ավելորդ եւ անիմաստ են համարում կողմերին ծանրաբեռնել նոր առաջարկներով, լավ հասկանալով, որ հակամարտությունն այդ տեսանկյունից չունի այն հավասարակշիռ լուծումը, որի մասին նրանք խոսում են եւ որի վերաբերյալ խոսքերը տվյալ դեպքում արդեն բավական հիպոթետիկ են հնչում՝ որպես կարգավորման իրատեսական տարբերակ:
Տարածաշրջանում առկա զարգացումներն այս տեսանկյունից իհարկե թողնում են հակասական տպավորություն: Մի կողմից, Թուրքիայում շարունակում է խիստ անհանգիստ լինել, իսկ սիրիական ուղղությամբ կարծես թե Արեւմուտքն ու Ռուսաստանը դիրքերը էլ ավելի են կոշտացնում եւ հեռացնում, բայց մյուս կողմից Իրանում նախագահ է ընտրվում ռեֆորմիստ հոգեւորականը, որը ամենայն հավանականությամբ ենթադրում է իրանական խնդրի չափավոր զարգացում:
Բոլոր դեպքերում, Կովկասն իհարկե ապահովագրված չէ ֆորս-մաժորներից, պարզապես երեք երկրների նախագահների հայտարարությունները վկայում են, որ այդ կապակցությամբ համատեղ որոշում գոյություն չունի, եւ նրանք առնվազն միմյանց հավաստիացրել են, որ կտրուկ շարժումներ չեն լինի: Առայժմ: