Անձին ապօրինի կերպով ազատությունից զրկելու համար ոստիկաններ Գոռ Պողոսյանը և Կարապետ Մալխասյանը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապատվեցին ազատազրկման՝ 3 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ նշանակվեց փորձաշրջան՝ 1,5 տարի ժամկետով:

Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկան Գոռ Պողոսյանը 2012թ. նոյեմբերի կեսերին' տեղեկանալով, որ հորը' Աղասի Պողոսյանին պատկանող «Չարբախ» տաքսի ծառայության վարորդ Գառնիկ Թովմասյանը իրեն ամրակցված «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենայով ենթարկվել է վթարի, նրան կանչել է հիշյալ տաքսի ծառայության գրասենյակ և պահանջել հատուցել գույքային վնասը, որը ըստ Գոռ Պողոսյանի կազմել է 80000 ՀՀ դրամ:

Այս ամբողջ գործընթացը Պողոսյանը իրականացրել է իր ընկեր ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 1-ին դասակի ոստիկան Կարապետ Մալխասյանի հետ միասին:

Գառնիկ Թովմասյանը հրաժարվել է նշված գումարը տալուց ' պատճառաբանելով, որ վթարն իր մեղքով չի կատարվել, որից հետո Գոռ Պողոսյանը և Կարապետ Մալխասյանը Գառնիկ Թովմասյանին ապօրինի պահել են գրասենյակներից մեկում՝ փաստացի զրկելով ազատ տեղաշարժվելու հնարավորությունից:

Այնուհետև Կարապետ Մալխասյանն ու Գոռ Պողոսյանը վերջինիս «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Գառնիկ Թովմասյանին' նրա կամքին հակառակ, տեղափոխել են Կ.Մալխասյանին պատկանող ամառանոց, որի ընթացքում, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել վերոհիշյալ գումարը: Տաքսու վարորդին ոստիկանները բաց են թողել միայն այն բանից հետո, երբ խոստացել է հատուցել վնասը:

Մինչ դատաքննությունն սկսվելն ամբաստանյալներն իրենց լիովին մեղավոր ճանաչեցին անձին ապօրինաբար ազատությունից զրկելու համար առաջադրված մեղադրանքում և միջնորդեցին դատաքննություն անցկացնել արգացված կարգով: Վերջիններս նաև նշեցին, որ զղջում են կատարվածի համար և դատարանին խնդրեցին մեղմ պատիժ սահմանել:

Մեղադրող դատախազը ճառով հանդես գալով պնդեց ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը, իսկ ամբաստանյալների պաշտպան Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ չի արդարացնում իր պաշտպանյալներին, սակայն նրանք զղջում են կատարվածի համար և որ հասարակությունից մեկուսանալու արժանի չեն:

Հեղինակ:
«Փաստինֆո»