Արթուր Ղազարյանից (Վանաձոր, Տարոն 2, ՔՇՀ 4, 46/1)
ԲԱՑ ՆԱՄԱԿ
Հարգելի պարոն Մկրտումյան.
Հայցում եմ Ձեր ներողամտությունը, միգուցե էթիկայի որոշ նորմեր խախտում եմ, բայց ստիպված եմ գրել Ձեզ, որովհետև վրդովմունքս շատ մեծ է: Ստացել եմ նյութական, բարոյական մեծ վնաս: Եվ մեծ զայրույթ ու ամոթ եմ ապրում, որ քաղաքացի եմ մի երկրի, որտեղ ոտնահարվում է մարդու իրավունքները, որտեղ արդարության ոլորտում արդարություն չեմ գտնում:
Ավարտվեց 3 տարի տևած դատավարությունը, և արդյունքում ես վերականգնվեցի աշխատանքում համաձայն ՀՀ աշխ. օր. 265 հոդվածի 1 կետի, բայց չստացա հարկադիր պարապուրդի համար ամողջ ժամանակի համար իմ գումարը: 3 տարի առաջ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը վճռեց իր սեփական նախաձեռնությամբ ինձ աշխատանքում չվերականգնել, թեև անվավեր էր ճանաչել տնօրենի տված՝ իմ աշխատանքից ազատման հրամանը և, կիրառելով ՀՀ Աշխ. օր. 265հ. 2-րդ կետը, վճռեց տալ հատուցում ոչ ավելի քան 12-ապատիկը, մինչև իր վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը:
2 պտույտ (I ատյան, վերաքննիչ վճռաբեկ) կատարած գործը վերջապես 3-րդ անգամ հասավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան և դատավոր Ս. Երիցյանը վճռով վերականգնեց ինձ իմ նախկին աշխատանքում, բայց հարկադիր պարապուրդի մասով ոչ մի վճիռ չկայացրեց:
Նշեմ, որ միայն դատավոր Երիցյանն է վճիռ կայացրել ինձ աշխատանքում վերականգնելու: Լոռու մարզի I ատյանի 2 դատավորներ Վարդուհի Հովնանյանը և Աղասի Մկոյանը վճռել են չվերակագնել և տալ հատուցում ոչ ավելի քան 12-ապատիկի չափով: Վերջին 2 դատավորները իրենց վճիռների հիմքում դրել են ՀՀ Աշխ. օր. 265 հոդվածի 2-րդ կետը: Իսկ Ս. Երիցյանը իր վճռի հիմքում դրել է ՀՀ Աշխ. օր. 265 հոդվածի 1 կետի մի բաժինը: Երիցյանի հարկադիր պարապուրդի վերաբերյալ վճիռ չկայացնելու դեմ վերաքննիչ բողոք եմ ներկայացրել և ստացել պատասխան՝ բողոքը մերժել: Ճիշտ ժամկետին և պահանջված ձևով ուղարկել եմ վճռաբեկ բողոք և ստացել ստանդարտ պատասխան: Պարզ երևում է, որ գործն ամբողջովին չի ուսումնասիրվել:
Ուղարկել եմ 2-րդ վճռաբեկ բողոքը միջնորդության հետ միասին, դարձյալ հետ է վերադարձվել:
Նշեմ, որ վճռաբեկ բողոքում ես բողոքել եմ վերաքննիչ դատարանի 30.01.2013թ. կայացրած որոշման դեմ և խնդրել եմ վճռաբեկ դատարանին՝ ապահովել օրենքի միատեսակ կիրառումը:
ՀՀ քաղ. դատավարության 228 հոդվածի 1 կետում գրված է, որ Դատարանը՝ ըստ էության ճիշտ վճիռը չի կարող բեկանել միայն ձևական նկատառումներով: Իսկ ինչու է դատարանը ձևական նկատառումներով թույլ տվել օրենքի խախտում: Դատարանը չէ՞ր կարող էությամբ սխալ վճիռը բեկանել, անտեսելով ձևական նկատառումները: Դատարանը ինչո՞ւ ձևական նկատառումներով ըստ էության թերի վճիռը օրինականացրեց: Չէ՞ որ դատական սխալը ազդել է գործի ելքի վրա:
Կրկին նշում եմ, որ ես բողոքել եմ վերաքննիչ դատարանի վճռի դեմ, իմ վճռաբեկ բողոքը մերժել է: Օրենքի խախտում է տեղի ունեցել, դատական սխալ է թույլ տրվել և վճռաբեկ դատարանը կարևոր հարցը թողել է, ձևականությունն է պահպանել և սպառիչ պատասխան չի տվել իմ պահանջին:
Դատավորները իրավաբաններ են, նրանք ինչո՞ւ են սխալներ թույլ տվել: Ինչո՞ւ դատավորների անփույթ, ինչու չէ, նաև որոշ դատավորների անգրագիտության պատճառով հասարակ մարդը՝ հայցվորը պետք է տուժի: Այն, ինչ ինձնից էր կախված, դեռևս 3 տարի առաջ հենց I դատի ժամանակ ապացուցեցի, որ տնօրենը իմ նկատմամբ կատարել է անօրինական արարք, ապացուցեցի նրա շինծու հրամանի էությունը: Իսկ ինչ արեց արդարադատության ամբողջ համակարգը: Ինչո՞ւ արդարադատության վերին ատյանի դատավորնեը աչք փակեցին սխալների վրա: Էլ ո՞ւր մնաց արդարությունը, երբ վճռաբեկ դատարանն էլ չի ապահովում օրենքի միատեսակ կիրառումը: Անօրինական ձևով աշխատանքից ազատված 100-ավոր հայցվորներ վերականգնվում են աշխատանաքում և ստանում իրենց աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակվա համար, իսւկ ես վերականգնվել եմ և 3 տարվա փոխարեն ստացել եմ 10.5 ամսվա աշխատանքում չվերականգնվածի գումար:
Հարգելի պարոն Մկրտումյան
Ես ժամանակին և պահանջված ձևով ներկայացրել եմ վճռաբեկ բողոքը: Անգամ անձամբ Ձեզ ուղղված դիմում էլ գրել, ակնկալելով, որ Ձեր ուշադրությունը կհրավիրեմ իմ գործը ճիշտ ավարտին հասցնելու վրա: Ստացա Ձեզնից NԴԴ-2 Ե-900 07.03.2013թ. գրությունը, որտեղ նշված է, որ արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվեմ:
Խնդրում եմ ինձ պատասխանել.
1. Ինչո՞ւ վճռաբեկ դատարանը առաջնորդվելով ձևական նկատառումներով, չի ապահովել օրենքի միատեսակ կիրառումը:
2. Ես վերականգնվել եմ ՀՀ Աշխ. օր. 265 հոդվածի 1 կետով: Եթե այլ օրենք կա, որով կարող էի վերականգնվել, խնդրում եմ նշեք: Եթե 265 հոդվածի 1 կետով եմ վերականգնել, ինչո՞ւ եմ զրկվել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակվա գումարից: Արդյո՞ք ՀՀ Աշխ. օր. 265հ. 1 և 2 կետերը նույնն են:
3. Արդյո՞ք դատական սխալը՝ Վճռաբեկ դատարանի սխալը, անդառնալի անուղղելի է: Ինչո՞ւ վճռաբեկ դատարանը թույլ տված սխալը չի ուղղում:
4. Վերջապես դատավոր Վարդուհի Հովնանյանը և Աղասի Մկոյանը պատիժ չե՞ն կրելու, թեկուզ հասարակ նկատողություն: Չէ՞ որ այս շիլաշփոթի, անգրագիտության մեղավորները իրենք են:
Խնդրում եմ իմ հարցերին սպառիչ պատասխանել:
Ա. Ղազարյան
20.06.2013թ.