Top-news.am. 2010թ. սեպտեմբերի 25-ից մինչեւ նույն թվականի հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Արման Բաբաջանյանի խմբագրած “Ժամանակ” օրաթերթը երեք հոդված է հրապարակել, որով փորձ է արվել վարկաբեկել Ռոբերտ Քոչարյանի կնոջը' Բելա Քոչարյանին եւ որդուն' Սեդրակ Քոչարյանին:
Դատական լսումներից հետո վերջնականապես պարզ դարձավ, որ հոդվածներն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը եւ “Ժամանակ” օրաթերթը 2013թ. մայիսի 22-ի համարում ընդունեց իր սխալը, հրապարակելով հերքման տեքստը, որը եւ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Անշուշտ, իր սխալն ընդունելը Արման բաբաջանյանի արած դրական քայլերից է, բայց կարծում ենք, որ պետք է այնպես աշխատել, որ հետագայում նույնպես ուրիշներից ներողություն խնդրելը սովորություն չդառնա եւ չարժեզրկվի:
Հերքում
“Արյունը' Քոչարյաններից, կայֆը' Ծառուկյանից, իսկ հակացնցումը' Լֆիկից” խորագրով, “Ադամանդե Ռոբը” խորագրով, “Volvo+Spayka=Սեդրակ Քոչարյան” խորագրով հոդվածների' հրապարակած “Ժամանակ” օրաթերթի համապատասխանաբար' 25.09.2010թ. թիվ 157 (1858), 29.09.2010թ. թիվ 159 (1860) եւ 07.10.2010թ. թիվ 165 (1866) համարներում:
“Ժամանակ” օրաթերթն' ի դեմս օրաթերթի հիմնադիր եւ հրատարակիչ “Սկիզբ Մեդիա Կենտրոն” ՍՊ ընկերության, հայտնում է, որ “Ժամանակ” օրաթերթի 25.09.2010թ. թիվ 157 (1858) համարում տիկին Բելա Լեւոն Քոչարյանի մասին հրապարակված “Արյունը' Քոչարյաններից, կայֆը' Ծառուկյանից, իսկ հակացնցումը' Լֆիկից” խորագրով հոդվածում, “Ժամանակ” օրաթերթի 29.09.2010թ. թիվ 159 (1860) համարում' պարոն Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի հրապարակված “Ադամանդե Ռոբը” խորագրով հոդվածում եւ “Ժամանակ” օրաթերթի 07.10.2010թ. թիվ 165 (1866) համարում պարոն Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի հրապարակած “Volvo+Spayka=Սեդրակ Քոչարյան” խորագրով հոդվածում տեղ գտած տեղեկություններն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են տիկին Բելա Լեւոնի Քոչարյանի եւ պարոն Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավը: “Ժամանակ” օրաթերթը' ի դեմս օրաթերթի հիմնադիր հրատարակիչ “Սկիզբ Մեդիա Կենտրոն” ՍՊ ընկերության, հայցում է ներողություն 25.09.2010թ. թիվ 157 (1858), 29.09.2010թ. թիվ 159 (1860) եւ 07.10.2010թ. թիվ 165 (1866) համարների նշված հոդվածներում տեղ գտած անճշտությունների եւ վիրավորանքների համար: