Սոչիում օլիմպիական Բլինովո ավանի շինարարության վրա աշխատող երկու բանվորներ, ովքեր աշխատում էին «Օխոտյան
շինարարարական ընկերությունում», հայտնել են, որ իրենք խոշտանգումների են ենթարկվել ոստիկանությունում այն բանից հետո, երբ հայտնել են, որ գործատուները չեն վճարում իրենց աշխատավարձը:

Աբխազիայի հայազգի քաղաքացիներ 38-ամյա Մարտիրոս Դեմերչյանը և 25-ամյա Սերգեյ Քրբաշյանը հավաստիացրել են, որ իրենց աշխատանքի դիմաց չեն վճարել մի քանի տարի: Նրանք նաև պատմել են, թե ինչպես է հաստատության սեփականատեր Սամվել Փաշայանը նրանց կանչել իր մոտ՝ իբրև թե գումարները վճարելու, սակայն նրանց սպասելիս են եղել ոստիկանները, ովքեր էլ ձերբակալել են իրենց և տարել բաժանմունք։ Այնտեղ նրանց դաժան ծեծի են ենթարկել և ստիպել խոստովանել, իբրև թե իրենք շինանյութ են գողացել: Իսկ երբ բանվորները հրաժարվել են կեղծ ցուցմունք տալ, նրանց բռնաբարել են լինգով: Այդ ամենից հետո հայ շինարարներին տարել են Ադլերյան դատարան և տուգանել նրանց 1000-ական ռուբլիով՝ ոստիկաններին անհնազանդություն ցուցաբերելու համար:

Երբ այս պատմությունը լայն հնչեղություն է ստացել, օրինապահները Դեմերչյանին ու Քրբաշյանին գործարք են առաջարկել, ըստ որի՝ իրենք վճարում են նրանց մի քանի տարվա աշխատավարձը, փոխարենը՝ վերջիններս հրաժարվում են հարուցած մեղադրանքից:

Տուժածների իրավապաշտպանը բողոքն ուղարկել է Կրասնոդարի քննչական բաժանմունք, սակայն վստահ չէ, որ օլիմպիական մայրաքաղաքում այն ընթացք կստանա: Հետաքննությունը շարունակվում է: