Ավարտվել են միասնական քննությունների հիմնական փուլը, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ 14 հազ. 800 դիմորդ։ Վաղը՝ հունիսի 24-ին, Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) կսկսի լրացուցիչ միասնական քննությունների կազմակերպման գործընթացը։ Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը։
Նա նշեց, որ վաղվանից միասնական քննությունների լրացուցիչ փուլին մասնակցելու համար դիմում-հայտեր կարող են ներկայացնել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից 2013թ.-ի զորացրվածները, Սփյուռքի շրջանավարտները, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության 2013թ.-ի շրջանավարտները, 2012-2013 ուստարվա այն շրջանավարտները, որոնք միասնական քննությանը հարգելի պատճառով չեն մասնակցել, ինչպես նաև առաջին փուլին չհայտագրված շրջանավարտները և բողոքարկման հանձնաժողովի կողմից միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու իրավունք ստացած դիմորդները։
«Բոլոր դիմորդները դիմում-հայտերը կարող են ներկայացնել վաղվանից մինչև հուլիսի 1-ը։ Իսկ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն», «Պարսկերեն», «Ռուսաց լեզու», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից միասնական քննությունները կանցկացվեն հուլիսի 2-ից 8-ը»,- ասաց նա։