Հանրապետությունում միասնական քննությունների լրացուցիչ՝ երկրորդ փուլը կանցկացվի հուլիսի 2-8-ը:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը, հայտնի են երկրորդ փուլի քննությունների անցկացման օրերը:
«Երկրորդ փուլին կմասնակցեն բանակից զորացրվածները, արտասահմանից և սփյուռքից ժամանածները, ինչպես նաև առաջին փուլում հիվանդության պատճառով քննությանը չմասնակցած դիմորդները: Արդեն սկսվել է դիմումների ընդունման գործընթացը»,- նշեց Իսպիրյանը:
Դիմորդները հուլիսի 2-ին քննություն կհանձնեն ռուսաց լեզվից, հաջորդ օրը՝ հայոց լեզվից և գրականությունից: Հուլիսի 4-ին կանցկացվի ֆիզիկայի միասնական քննությունը, իսկ 5-ին դիմորդները կմասնակցեն օտար լեզուների քննությունններին: Հունիսի 6-ին տեղի կունենա «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների քննությունը: Այնուհետև, հուլիսի 7-ին դիմորդները կմասնակցեն մաթեմատիկայի քննությանը: Երկրորդ փուլը կեզրափակվի հունիսի 8-ին: Այդ օրը կանցկացվի քննություն «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից:
Հանրապետությունում միասնական քննությունները մեկնարկել էին հունիսի 2-ին' «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաներով: Այդ քննություններին մասնակցել էր շուրջ 1800 դիմորդ: Քննությունների առաջին փուլը եզրափակվել է հունիսի 23-ին: