Այսօր՝ հունիսի 24-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 18:00-ի սահմաններում «ВАЗ 21 114» մակնիշի՝ 30 OO 401 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 23-ամյա Տիգրան Աթոյանը նշված ավտոմեքենայով Իսակովի պողոտայում ոստիկանության զորքերի թիվ 10 33 զորամասի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը՝ Երևան քաղաքի բնակիչ Լևոն Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Շենգավիթի բժշկական կենտրոն: Այս պահին վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ՃՈ ուղեկցող վաշտի աշխատակիցները: Վ. Էվինյանի կանչով վթարի վայր է ժամանում Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթից հետո ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել զորամասի հարևանությամբ տեղադրված երկաթե թիթեղին և հայտնվել ցանկապատից ներս՝ աղբակույտի մեջ, իսկ ճանապարհին հայտնաբերվել է վրաերթի ենթարկվածի ձեռքի ժամացույցը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը աշխատում է ռազմական ոստիկանությունում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի վայրում հավաքված բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ նշված հատվածում նման դեպքեր հաճախակի են լինում, և մի քանի դեպք էլ ողբերգական ավարտ է ունեցել, սակայն պատկան մարմինները՝ «ուղտի ականջում քնած», ոչինչ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ: Իսկ նրանց միակ խնդրանք-պահանջն այն է, որ այս հատվածում տեղադրվի արագաչափ, ինչն էլ որոշ «վայ վարորդների» համար կգործի որպես զսպաշապիկ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի