Եկեք հույս ունենանք, որ նոր սառը պատերազմ չի լինի, որովհետև այս անգամ Արևմուտքը հաստատ կպարտվի, գրում է The New York Post-ի վերլուծաբան Մայքլ Գուդվինն իր «Մկնիկը հսկայի դեմ' նոր սառը պատերազմում» անդրադարձում, գրում է Tert.am-ը՝ հղում կատարելով InoPressa-ին:
Հոդվածագիրն անկեղծանում է. G8-ի գագաթնաժողովի ժամանակ արված Պուտինի և Օբամայի լուսանկարը տեսնելով՝ նա մտածել է, որ բռնցքամարտի դեպքում խաղադրույք կկատարեր Պուտինի վրա: Նա զուգահեռներ է տանում երկու գերտերությունների առաջնորդների միջև՝ նշելով, որ համեմատությունը ոչ ի օգուտ Օբամայի է:
Ըստ Գուդվինի, Պուտինը գիտի, թե որոնք են իր երկրի ազգային շահերը և պատրաստ է պաշտպանել այդ շահերը, իսկ Օբաման ապրում է ցնորքների մեջ. անկարգություններն աշխարհում օրեցօր աճում են, իսկ Օբաման հավաբար չի նկատում դա և չի անհանգստանում:
Հեղինակին հատկապես մտահոգում է թեման, որը Օբաման ընտրել էր Բեռլինում իր ելույթի համար: Ելույթում Օբաման առաջարկում էր 1/3-ով կրճատել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջուկային զինանոցը և նա չէր ենթադրել, որ Պուտինը կասի ոչ: Նույնիսկ պահն է անհարմար կրճատման համար՝ Սիրիայում կախված է քիմիական զենքը, ի հայտ են գալիս նոր միջուկային տերություններ:
Օբաման կարծես թե փորձում է ուշադրությունը շեղել ներկա վտանգներից: Արդյո՞ք նա թևաթափ է եղել և այլևս չի փորձում պայքարել քաոսի դեմ: Սակայն հոդվածագիրն ավելի վտանգավոր բան է կասկածում. Օբաման պարզապես չի հասկանում, թե որքան վատ են գործերը:
Օբաման չի գնահատում ԱՄՆ-ի ունեցած յուրահատուկ դերն աշխարհում և մտածում է, որ գործերը ավելի լավ կգնան, եթե ԱՄՆ-ն կրճատի իր դերը:
Սակայն ազատ տարածքը լցվում է՝ Իրանը և նրա գործակալները Մերձավոր Արևելքում, տարատեսակ իսլամիստները Հյուսիսային Աֆրիկայում են, իսկ բռնապետները և սոցիոպատներն ամենուրեք են: Օբաման այնքան է տարված իր մտահղացումներով, որ չի նկատում, որ աշխարհը չի կիսում իր մոտեցումները:
Սակայն «չարագործները» նկատել են՝ Պուտինը բացահայտել է Օբամային: Նրան բացահայտել են նաև իրանցիները, հյուսիսային կորեացիները և նույնիսկ թալիբները, նշվում է հոդվածում:
Իսկ իր կողմից Օբաման կոչ է արել անմիջապես պայքարել կլիմայական փոփոխությունների դեմ: Հեղինակը նշում է, որ Պուտինն անպատճառ կուրախանա, որովհետև Ամերիկան հանձնում է իր տնտեսական ապագայի ևս 1 տարր, իսկ Պուտինը ոչ մի կրակոց չպետք է կատարի: