ՆԱՏՕ-ի պատվիրակությունը պաշտոնական այցով այսօր ժամանել է Վրաստան և այնտեղ է մնալու մինչև հունիսի 27-ը. հայտնում է Trend-ը: Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ միասին հանդես կգան համատեղ մամլո խորհրդակցությամբ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ելույթ ունենալով վրացական «Իմեդի» հեռուստաընկերությամբ, հայտնել էր, որ ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում հյուսիսատլանտյան բլոկում Վրաստանի ունեցած ներդրումները: «Վրաստանը շարունակում է այդ գործընթացը, և մենք գնահատում ենք այդ ճանապարհին գրանցած նրա հաջողությունները, սակայն դեռևս վաղ է խոսել ՆԱՏՕ-ի սահմանները Վրաստանի համար բացելու կոնկրետ ժամկետների մասին»,-ասել է Ռասմուսենը:
Նշենք, որ ՆԱՏՕ-ի պատվիրակությունը ներկա է գտնվելու նաև Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Աֆղանստան ուղևորվող վրաց զինծառայողների հանդիսավոր ճանապարհման արարողությանը: