2013թ. հունիսի 28-ին Երևան քաղաքի «Մալաթիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ որովայնի և կրծքավանդակի շրջաններում կտրած ծակած բազմաթիվ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1984թ. ծնված Տաթևիկ Նիկողոսյանը, ով բնակվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 33, բնակարան 23 հասցեում:

Նույն օրը' ժամը 24:00-ին, ոստիկանության Երևան քաղաքի Մալաթիայի բաժին ինքնակամ ներկայացել է Տ. Նիկողոսյանի ամուսինը' 39-ամյա Տիգրան Համբարձումյանը, ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող դանակը և հայտնել է, որ 2013թ. հունիսի 28-ին' ժամը 23:00-ի սահմաններում, Բաբաջանյան 33 շենքի շքամուտքում դանակով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել կնոջը:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ընտանեկան հարցերի շուրջ ծագած անբարյացակամ հարաբերությունների արդյունքում Տ.Համբարձումյանը, սպանելու դիտավորությամբ, 2013թ. հունիսի 28-ին' ժամը 23:00-ի սահմաններում, իր մոտ եղած դանակով կտրած ծակած թափանցող վերքերի ձևով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել կնոջ' Տ.Նիկողոսյանի որովայնի, կրծքավանդակի և դեմքի շրջաններում' վնասելով աջ և ձախ թոքերը, սիրտը, լյարդը, վերին վերջույթները, դեմքը, սակայն չի կարողացել ավարտին հասցնել իր դիտավորությունը, քանի որ միջամտել են Տ.Նիկողոսյանի քույրը և այլ անձինք, որի պատճառով Տ.Համբարձումյանը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Ստացած վնասվածքների հետևանքով Տ.Նիկողոսյանը հայտնվել է հեմոռագիկ տրավմատիկ շոկի մեջ: Կատարված անհետաձգելի բժշկական միջամտության շնորհիվ Տ.Նիկողոսյանի կյանքը փրկվել է:

Տ.Նիկողոսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն:

2013թ. հունիսի 29-ին Տ.Համբարձումյանը ՀՀ քրեական օրենսգքրի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար ներգրավվել է որպես կասկածյալ և ձերբակալվել:

Հեղինակ:
«ՓԱՍՏԻՆՖՈ»