Ինչպես արդեն հրապարակել էր ԳԱԼԱ-ն, Ֆեյսբուք սոցիալական ցանցում ձևավորվել է «Շնորհավորանք» նախաձեռնող խումբը, որի անդամները նախատեսում են վաղը Սերժ Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ իրականացնել բողոքի ակցիա նախագահական նստավայրի դիմաց՝ այդ կերպ «շնորհավորելով» Սերժ Սարգսյանին:

Խմբի անդամները մշակել են նաև շնորհավորանքի հատուկ տեքստ.

«Ես'---------------------------------------------------------- անարդարություններից խոշտանգված, խեղված, սպանված, ինքնասպանված, մի կտոր հացին կարոտ, աշխատանք չունեցող, արտագաղթած և արտագաղթող հազարավոր ՀՀ քաղաքացիների առկայությամբ, Ձեր ծնունդը շնորհավորում եմ, որ ի՞նչ անեմ: Միակ մաղթանքս, որ հեռանաք, որ էլ Ձեր տոնը երբեք չփչացնենք, Սերժ Սարգսյան»:

Ակցիային միանալու պատրաստակամություն հայտնած օգտատերերը խմբում արդեն իսկ գրել են իրենց շնորհավորական տեքստերը: Ներկայացնում ենք օգտատերերից մի քանի գրառում: Ֆեյսբուքի օգտատեր Տիգրան Սիմոնյանը գրել է հետևյալ գրառումը. «Ես' Տիգրան Սիմոնյանս, չեմ շնորհավորում Սերժ Սարգսյանի ծննդյան օրը, բայց ցանկանում եմ ամենավատ բաները դիկտատորին, ինչպես տատս էր ասում' ի գլխիդ մոլլա տրաքի հըըըըը մուռթուզ»:

Մեկ այլ օգտատեր Ռուզան Մարգունին գրել է հետևյալը. «Ես՝ Ռուզան Մարգունին, պահանջում եմ ձեր ծննդյան առթիվ մեզ շնորհ արեք, հեռացեք Բաղրամյան 26-ից, գնացեք տուն ու շնորհքով՝ թոռով-ծոռով, ձեր ողջ գերդաստանով նշեք ձեզանից ազատագրված Նոր Հայաստանի ծնունդը…»:

Ֆեյսբուքյան օգտատեր Անուշիկ Հովհաննեսյանի «շնորհավորանքը» Սերժ Սարգսյանին հետևյալն է. «Ես' Անուշ Հովհաննեսյանս, անարդարություններից խոշտանգված, խեղված, սպանված, ինքնասպանված, մի կտոր հացին կարոտ, աշխատանք չունեցող, արտագաղթած և արտագաղթող հազարավոր ՀՀ քաղաքացիների առկայությամբ, Ձեր ծնունդը շնորհավորում եմ, որ ի՞նչ անեմ: Միակ մաղթանքս, որ հեռանաք, որ էլ Ձեր տոնը երբեք չփչացնենք, Սերժ Սարգսյան»:

Հիշեցնենք, որ առաջին անգամ նման ակցիա անցկացվեց նախորդ տարի՝ 2012 թ-ի հունիսի 30-ին՝ Սերժ Սարգսյանի 58-ամյակի օրը:

Այդ օրը նախագահի նստավայր տորթ տանելով են նշել «Արտ-լաբարատորիա» արվեստագետների խմբի տղաները։ Տորթի վրա գրված է եղել միայն մեկ բառ՝ «Հեռացիր»։

Նշենք, որ բողոքի ակցիային միանալու պատրաստակամություն են հայտնել տասնյակ քաղաքացիներ:

Փայլակ Ֆահրադյան