ՀՀ վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշումը' ընդդեմ «5-րդ աստղ» կառուցապատող ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Առաքելյանի:

Նշենք, որ Վարդան Առաքելյանը Կոմիտասի 38/3 հասցում կառուցել է 14 հարկանի բազմաբնակարան շենք, իսկ շինարարություն իրականացնող «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն շենքն ամբողջությամբ չէր ավարտել և դատարան հայց է ներկայացրել, թե պայմանագրով իր աշխատանքն ամբողջությամբ իրականացրել է:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Վարդան Առաքելյանն ասել է, որ ՀՀ վերաքննիչ դատարանը այդ «ապօրինի» վճիռը թողեց ուժի մեջ և ոչ մի օբյեկտիվ քննություն չարեց:

«Բացի դա,ինձ վրա 9 միլիոն տուրք մնաց դեռ առաջին ատյանի որոշումից, 20 միլիոն էլ այստեղից : Եվ անգամ դատավորի նշանակած փորձաքննությունը, որ 258 միլիոնի հավելագրում է կատարել շինարարը'հաշվի չառան: Պատրաստվում ենք վճռաբեկ բողոք ներկայացնել և ՀՀ նախագահական նստավայրի մոտ նստացույց անել, որպեսզի նախագահին տեղյակ պահենք այս ապօրինության մասին»,- ասել է Վարդան Առաքելյանը: Նա հիշեցրել է, որ այս պահին կան բազմաթիվ բազմահարկ նորակառույցներ, որտեղ մի բնակարանը վաճառվել է մի քանի հոգու, իսկ իր շենքը միակն է, որտեղ նման բան չի արվել:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Վարդան Առաքելյանը և իր ՍՊԸ-ի աշխատակիցները բողոքի ակցիա էին անցկացնում նախագահականի դիմաց' պահանջելով արդարություն:

Լիլիթ Թադևոսյան