Արարատի մարզպետ Էդիկ Բաղդասարյանը տեղեկություններ չունի, թե արդյոք ձերբակալել են մարզպետարանի գյուղվարչության պետ Տիգրան Վիրաբյանին: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է ինքը' Արարատի մարզպետ Էդիկ Բաղդասարյանը: «Ես այդպիսի ինֆորմացիայի չեմ տիրապետում: Դիմեք պատկան մարմիններին»,- ասել է Արարատի մարզպետը:
Էդիկ Բաղդասարյանը միայն հայտնել է, որ մարզպետարանի գյուղվարչության պետը աշխատանքից հեռացվել է: «Վաղուց աշխատանքից ազատված ա: Ինքը ազատված է մեր մոտից, էլ բան չեմ կարա ասեմ»,- մեզ հետ զրույցում ասել է էդիկ Բաղդասարյանը:
Այլ հարցերի պատասխանել Արարատի մարզպետը հրաժարվել է:
Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ ձերբակալվել է Արարատի մարզպետարանի գյուղվարչության պետ Տիգրան Վիրաբյանը: Ըստ տեղեկությունների՝ Վիրաբյանին ձերբակալել են հայտնաբերված չարաշահումների, մասնավորապես դիզվառելիքի հետ կապված աղմկոտ բացահայտման հետ կապված: Սույն տեղեկությունը ԳԱԼԱ-ն փորձել է ճշտել ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել է, որ ինքը որևէ տեղեկություն չունի, ապա նշել, որ տեղեկությունը պետք է ճշտել Հատուկ քննչական ծառայությունից: «Դա դիզվառելիքների հետ կապված հարցը չէ՞ր, Դուք փորձեք այն ճշտել Հատուկ քննչական ծառայությունից»,- ասել է Աշոտ Ահարոնյանը:
Հատուկ քննչական ծառայությունից տեղեկատվությունը ճշտել մեզ չհաջողվեց: Մեր հեռախոսազանգերին քննչական ծառայությունից ոչ ոք չպատասխանեց:
Նշենք, որ Արարատի մարզպետարանում վերջերս ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը բացահայտել էր, որ մարզում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրն ու զարմիկը հսկայական քանակությամբ կառավարության կողմից սուբսիդավորվող էժան դիզվառելիք են ձեռք բերել: Իսկ այս «հանկարծակի» բացահայտումը կատարվեց այն բանից հետո, երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի ամբիոնից խիստ քննադատության ենթարկեց Վերահսկիչ պալատի նախորդ տարվա հաշվետվությունը:
Փայլակ Ֆահրադյան