Օրեր առաջ Մոսկվայում ձերբակալվել է Մոսկվայի հայ համայնքի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սարգիս Ասատրյանը: Հիշեցնենք, որ նա «Հայաստանի երիտասարդական կուսակցության» նախագահն էր:

Ըստ մեր տեղեկությունների, Սարգիս Ասատրյանին ձերբակալել են առանձնակի խոշոր չափերի թմրանյութ պահելու կասկածանքով:

Tert.am-ի հետ զրույցում Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հաստատելով Սարգիս Ասատրյանի ձերբակալության մասին տեղեկությունը, հարցրեց, թե ինչու՞ են իրեն այդ հարցով զանգում ու ավելացրեց. «Սարգիս Ասատրյանին Մոսկվա հրավիրել և այնտեղ նշանակել է մոսկովյան հայերի միության նախագահ Նորիկ Թևանյանը: Նորիկ Թևանյանի՛ն հարցրեք: Նա Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերն ա, էն արտոնությունն ունի, որ ցանկացած պահի կարող ա նրան «սոտովիից» զանգի ու խոսի: Դատախազի հետ ա ընկերություն անում, Հովիկ Աբրահամյանի հետ ա հանդիպում: Տարան գցեցին Նորիկի ձեռը»:

2003թ. նախագահական ընտրություններին ընդդիմադիր քաղաքական գործչի համարում ունեցող Սարգիս Ասատրյանի հետ ընտրությունների վերահսկողության ձևաչափում համագործակցող գրող, հրապարակախոս, Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը, ի պատասխան հարցի, թե նա թմրամո՞լ էր, ասաց, որ իր վրա նա թմրամոլի տպավորություն չի թողել ու ավելացրեց. «Ասեմ ավելին, որ այն բնակարանը, որտեղ հայտնաբերվել է այդ թմրանյութը, իրեն չի պատկանել»:

Ինչպես հաղորդում է аravot.am-ը, Սարգիս Ասատրյանի ընտանիքի անդամները ձերբակալությունից մեկ շաբաթ անց են իմացել այդ մասին, երբ տանը խուզարկություն է իրականացվել, և նրա տանը նաև հսկայական քանակի թանկարժեք իրեր են հայտնաբերվել: Հաղորդվում է նաև, որ Ասատրյանն առայժմ եռամսյա կալանքի տակ է և պահվում է Լեֆորտովոյի կալանավայրում: