ԳԱԼԱ. Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով, արդեն այս տարվա առաջին 4 ամիսներին Հայաստանից 250 հազար այցելու է մեկնել այդ երկիր: Վրաստանը նաեւ թուրք և ադրբեջանցի տուրիստների նախընտրելի հանգստավայրերից է, որոնք ցուցակում առաջին տեղերում են, հայերը' 3-րդ , իսկ ռուսները 4-րդն են: Վերջին 1-2 տարիների ընթացքում կտրուկ աճել է նաեւ Վրաստան այցելող եվրոպացիների թիվը' հատկապես շատ են ուկրաինացիները, լեհերը, բելառուսներն ու մերձբալթյան երկրների զբոսաշրջիկները: Ի դեպ, ի տարբերություն հայերի, նրանք նախապատվություն չեն տալիս ծովափնյա հանգստին:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին առանձնացրել էր տնտեսության հիմնական երեք ճյուղեր, որոնց զարգացման միջոցով, ըստ նրա, առաջիկա տարիների ընթացքում կրկնապատկվելու էր երկրի բնակչության մեկ շնչի հաշվով եկամտի մակարդակը: Դա առաջին հերթին տուրիզմն է, գյուղատնտեսությունը և ենթակառուցվածքները: Դրանց զարգացման ուղղությամբ վերջին տարիներին հսկայական աշխատանք է տարվել: Բացառություն կարելի է համարել միայն գյուղատնտեսությունը, որի զարգացման գործն իր վրա է վերցրել նոր կառավարությունը: Ի դեպ, հին եւ նոր իշխանությունների հակամարտությունը սովորաբար շրջանցում է մեկ ոլորտ' դա զբոսաշրջությունն է, որը քաղաքական ու կուսակցական ոտնձգություններից զերծ է: Վրաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը եւս էականորեն նպաստում է այդ ոլորտի զարգացմանը:
Թբիլիսիի Եվրոպայի հրապարակի շինարարությունն ավարտված չէ, սակայն արդեն գրավում է հազարավոր զբոսաշրջիկների: Տարածքն հատկապես մարդաշատ է երեկոյան ժամերին: Գալիս են ընտանիքներով, ընկերներով: Սա նաեւ եվրոպացի պրոֆեսիոնալ լուսանկարիչների եւ ռեժիսորների սիրելի վայրերից է դարձել:
Նոր իշխանությունները եւս տուրիզմի զարգացումը համարում են տնտեսության առաջնահերթություններից: Նոր նախագծերի թիվն ավելանում է, սպասարկումն ու ծառայությունները բարելավվում. գովազդով զբաղված են բոլորը' տուրօպերատորները, հյուրանոցատերերը, սովորական բնակիչներն ու անգամ մաքսավորները, ովքեր սահմանային ուղեկալի մոտ արդեն, լայն ժպիտով եւ բարի խոսքերով են դիմավորում հյուրերին' հատկապես եվրոպացիներին:
Կա ժողովրդական տուրիզմ հասկացությունը, որով ներգրավում են հասարակության ավելի լայն զանգվածների: Եվրոպացիներից բոլորը չէ, որ ապահովված խավի ներկայացուցիչ են. դա եւս վրացիները հաշվի են առել: Ի դեպ, նրանք խնամքով են վերաբերվում պատմական, ճարտարապետական ու մշակութային հուշարձաններին, որոնք եւս գրավում են Վրաստան այցելող հյուրերին: Հայկական եկեղեցիներն այդ ցանկում են:
Չնայած ենթակառուցվածքների նորացման եւ տուրիզմի զարգացման ուղղությամբ իրականացված ծրագրերին, Վրաստանում դեռեւս հսկայական աշխատանք կա կատարելու'սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ: Զբաղվածության հարցը օրակարգային է, նաեւ ցածր են աշխատավարձն ու կենսաթոշակը:
Անկախ այդ երկրում առկա բազում տնտեսական եւ քաղաքական խնդիրներից, տուրիզմն ամեն տարի քայլ առաջ է անում: Եվ չնայած վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը զբոսաշրջությունը գերակա ուղղություն է հռչակել, ամառային արձակուրդներին հայաստանցիները կրկին հավաքում են ճամպրուկները եւ հատում սահմանը: Ու ամեն տարի մենք ցավով փաստում ենք, որ հայաստանցիների մեծամասնության համար մեր հանգստավայրերը դեռեւս անհասանելի են՝ բարձր գների ու անհամապատասխան սպասարկման պատճառով: