Ֆրանսիայի ազգային տոնի նախօրեին Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության Նախագահը երկրի ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի առթիվ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:
Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին:
Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և ֆրանսիացի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի առթիվ:
Համոզված եմ, որ հայ-ֆրանսիական ավանդական բարեկամության վրա հիմնված՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ եվրոպական և միջազգային կառույցների շրջանակներում ձևավորված սերտ համագործակցությունը, տարբեր ոլորտներում հաստատված դինամիկ կապերը, միջխորհրդարանական և ապակենտրոնացված ամուր փոխգործակցությունը մեր համատեղ ջանքերի շնորհիվ առավել կամրապնդվեն:
Վերստին շնորհակալություն եմ հայտնում այն հետևողական ջանքերի համար, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, գործադրում է ի նպաստ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման և մեր տարածաշրջանում անվտանգության, կայունության ամրապնդման, համագործակցության զարգացման: Ս. թ. հունիսի 18-ին Էնիսկիլենում Ձեր, Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահների կողմից արված համատեղ հայտարարությունն այդ կարևոր ջանքերի ևս մեկ արտահայտությունն է:
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա նոյեմբերին մեր հանդիպումը Փարիզում և սիրով սպասում եմ Ձեզ պետական այցով հյուրընկալելու Հայաստանում' համոզված լինելով, որ այն նոր լիցք կհաղորդի Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ամրապնդմանը և մեր ժողովուրդների բարեկամության խորացմանը:
Կրկին շնորհավորում եմ Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով Ձեզ հաջողություններ, իսկ ֆրանսիացի ժողովրդին' բարօրություն:
Ընդունեք խնդրեմ, մեծարգո՛ պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը: