Մոսկվայում ձերբակալվել է նախօրեին տեղի ունեցած խոշոր ՃՏՊ-ի ենթադրյալ մեղավորը: Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, նրան ձերբակալել են 48 ժամով անմիջապես այն բանից հետո, երբ վերջինս դուրս է եկել կոմայից:
Նախարարության ներկայացուցիչը նշել է, որ ներկայումս պարզվում է կատարվածի իրական պատկերը: Այս պահին հայտնի է, որ բեռնատար КАМАЗ մեքենայի ղեկին եղել է 45-ամյա ՀՀ քաղաքացի, ում մեղադրում են երթևեկության կանոնների խախտման մեջ: Նա բեռնատարը վարում էր Հայաստանում ստացած վարորդական իրավունքով. ՌԴ վարորդական իրավունք նա չի ունեցել: Անցյալ տարվա ընթացքում նա 7 անգամ ենթարկվել էր վարչական պատասխանատվության ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, ինչպես նաև մեքենան ոչ սարքին վիճակում շահագործելու համար:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի մայրաքաղաքի «Նոր Մոսկվայի» տարածքում ուղևորատար ավտոբուսը բախվել էր բեռնատար մեքենային: ՃՏՊ-ի արդյունքում զոհվել էր 18 մարդ, որոնց թվում՝ 1 երեխա: 40-ից ավելի մարդ վիրավորվել է, որոնցից 16-ի դրությունը գնահատվում էր ծանր:
Նախնական վարկածի համաձայն' ՃՏՊ-ի պատճառը բեռնատարի վարորդի կողմից երթևեկության կանոնների խախտումն է: