Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարի պատճառով ձերբակալված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ով եղել է ավտոբուսին բախված «Կամազ»-ի վարորդը, դատարանի դահլիճում եղել է բառացիորեն անմխիթար վիճակում: Բոտկինսկի հիվանդանոցում բուժօգնություն ստանալուց հետո 46-ամյա Հարությունյանին դատարան են տարել չսափրված վիճակում և կանացի գույնզգույն խալաթով:
Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, խոսելով ՀՀ քաղաքացու նկատմամբ ՌԴ-ի վերաբերմունքի մասին, ասաց.
«Րոպեներ առաջ ես այդ հարցով զրուցեցի ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հետ, որովհետև անչափ վրդովված եմ տեղի ունեցածի պատճառով: Ուղղակի ոչ կոռեկտ եմ համարում ռուսական որոշ լրատվամիջոցների դատավճիռները՝ խախտելով անմեղության կանխավարկածը։ Կարծում եմ՝ պատկան մարմիններն այս հարցը պետք է բարձրացնեն: Ես ինքս դիտավորություն եմ տեսնում Հրաչյա Հարությունյանին այդ կերպ կանացի խալաթով դատարան տանելու մեջ: Չնայած պարզաբանումն արդեն եղել է, բայց որևէ պարզաբանում չի արդարացնում մարդուն այդ կերպ՝ հողաթափերով և կանացի խալաթով դատարան բերելը։ Ես դա բացարձակ անընդունելի եմ համարում»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը նկատում է նաև, որ սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրանալուց հետո նոր միայն ԱԳՆ-ն և հայկական տարբեր կազմակերպություններ սկսել են զբաղվել խնդրով՝ փաստաբաններ են տրամադրել, ծախսերն են հոգում:
«Փառք Աստծո, որ գոնե հիմա Հայաստանի կողմից արձագանք կա, նաև ՌԴ-ի հայկական կազմակերպությունները սկսել են զբաղվել այս հարցով: Մեկ բան հստակ է՝ որևէ մեկը որևէ պարագայում իրավունք չունի ՀՀ քաղաքացու նկատմամբ նման անվայելուչ, նվաստացուցիչ վերաբերմունք ցույց տալ: Ես կրկնում եմ՝ հայկական համապատասխան կառույցները ռուսական կողմից պետք է հստակ պատասխաններ պահանջեն տեղի ունեցածի վերաբերյալ: Կարծում եմ՝ այստեղ ևս պետք է լինի հստակ պահանջ՝ ձեռնպահ մնալ մեղադրանքներ հնչեցնելուց: Ի վերջո, եթե չկա քննություն, վճիռներ հրապարակելը ուղղակի անթույլատրելի է և լրագրողական էթիկայի խախտում է: Հարազատները պնդում են, որ մեքենան եղել է բացարձակ անսարք վիճակում, ռուսական մի շարք լրատվամիջոցներ ևս արձանագրել են մեքենայի անսարքությունը, ուստի՝ անմեղության կանխավարկածի լրջագույն խնդիր կա:
Ինձ համար ամենակարևորը ՀՀ քաղաքացու արժանապատվության հարցն է: Ես խնդիր ունեմ ռուսական այն կառույցների հետ, որոնք պարտավոր էին ամեն ինչ անել, որ ՀՀ քաղաքացին այդ կերպ (ինչքան էլ նա լիներ աֆեկտի մեջ) չհայտնվեր դատարանում:
Կարեն Անդրեասյանը նաև ասաց, որ ինքն առաջիկայում սպասում է ՌԴ-ի ՄԻՊ-ի արձագանքին։ Գոնե հիմա լավ է՝ մենք որոշ ուշացումով փորձեցինք տեր կանգնել մեր քաղաքացուն»,-ասում է Նաիրա Զոհրաբյանը:
Վերջինս ցավակցում է զոհերի ընտանիքներին, բայց չի մոռանում կրկնել, որ ՀՀ քաղաքացու արժանապատվությունը որևէ մեկն իրավունք չունի նվաստացնելու: ՀՀ պատկան մարմինները տեր պետք է կանգնեն ՀՀ քաղաքացիներին: