Lragir.am. Հայաստանի քաղաքացիները բողոքի ակցիաներ են անցկացնում Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ պահանջելով Պոդոլսկի մոտ տեղի ունեցած սարսափելի վթարի մասնակից Հրաչյա Հարությունյանի արժանապատվության պատշպանություն:
Սա, թերեւս, այն քիչ դեպքերից է, երբ հայերը պաշտպանում են մարդու տրորված արժանապատվությունը: Հայաստանի օրենսդրությունում արժանապատվության ոտնահարումը քրեական հանցանք չի համարվում, առավել եւս, ոչ ոք չի խոսում այն դեպքերի մասին, երբ միջպետական մակարդակով ոտնահարվում է ողջ ազգի արժանապատվությունը:
Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն ազգային արժանապատվության ոտնահարման պատմություն է: Կայսրություններ եղել են անհիշելի ժամանակներից, սակայն յուրաքանչյուրն առանձնանում էր կայսերական քաղաքականության որակով: Մի մասը ստեղծվել է բարձր քաղաքական կամ տեխնոլոգիական տարածման, մյուսներն էլ ժողովրդագրական կամ կրոնական էքսպանսիայի արդյունքում: Ռուսական կայսրությունը միշտ գոյություն է ունեցել սապոգի ուժով, որն ինքնիշխանության հետ միասին ոտնահարում էր նաեւ արժանապատվությունն ու ազգային պատիվը:
Կարելի է պատմական իրադարձությունների մի ողջ շղթա թվարկել, որոնք վկայում են ռուսական կայսրությունում այլ ժողովուրդների ոտնահարված արժանապատվության ուժով պահելու մասին: Երբեմն դա պայթում է, ինչպես Չեչնիայում էր, այժմ Դաղստանում, եւ այդ ժամանակ կայսրությունը զենք է կիրառում եւ կորցնում իր պատիվը:
Հայաստանը նույնպես արթնանում է արժանապատվության երկարատեւ ոտնահարումից եւ արդեն հարցեր է տալիս Ռուսաստանին, որոնց վերջինս պատասխանում է սապոգի մեթոդով: Ռուսաստանն ի պատասխան Հայաստանի հարցերի բարձրացնում է գազի գինը, զենք է մատակարարում Ադրբեջանին, Հայաստանին ֆորպոստ, էքսկլավ է անվանում, հայկական ազգանունով փորձագետի շուրթերով հայտարարում է, որ Հայաստանն արժանի չէ ինքնիշխանության:
Պոդոլսկի մոտ սարսափելի վթարից հետո, երբ պարզ դարձավ, որ բեռնատարի վարորդը Հայաստանի քաղաքացի է, Հայաստանում եւ Ռուսաստանում մի պահ «շունչները պահեցին»: Մի քանի օր եւ այստեղ, եւ այնտեղ նորմալ մարդիկ փորձում էին արժանապատորեն տանել ցավը, սակայն սապոգը, միեւնույն է, արեց իրենը: Ինչ-որ մեկը չդիմացավ եւ վշտից կծկված մարդուն դատարան բերեց կանացի խալաթով: Եւ այդժամ բոլորը պոռթկացին, որովհետեւ դիպել էին արժանապատվությանը:
Փառք ու պատիվ այն ռուսաստանցի լրագրողներին ու քաղաքացիներին, ովքեր հասկանալով իրավիճակի նրբությունը, թույլ չեն տվել իրենց ծայրահեղ հայտարարություններ անել հայերի հասցեին: Ի տարբերություն ռուսական կայսերական մտածողության կրողների, ովքեր պարզապես այլ կերպ չեն կարող:
Ռուսաստանում վերջապես պետք է հասկանան, որ արժանապատվության ոտնահարումը ոչ թե կայսրություն պահելու, այլ կորցնելու մեթոդ է: Ռուսաստանն իր սապոգի «շնորհիվ» արդեն կորցրել է Մերձբալթյան երկրները, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Կենտրոնական Ասիայի մի մասը, էլ չենք խոսում Արեւելյան Եվրոպայի մասին: Մնացել է Հայաստանը, եւ կանացի խալաթը կարող է վերջին կաթիլը դառնալ:  

Նաիրա Հայրումյան