Օրեր առաջ Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր ՃՏՊ-ի վայրում չի դադարում մարդկանց հոսքը, ովքեր ծաղիկներ են բերում վթարի վայր: Ռուսական 1-ին ալիքը փորձել է սեփական հետաքննությունը վարել՝ կատարվածը պարզաբանելու նպատակով: Այս կապակցությամբ տեղի բնակիչներից հնչել են ամենատարբեր կարծիքներ: Մեջբերում ենք ականատեսների վկայությունները: Այսպես, ինչպես տեղեկանում ենք տեղի բնակիչներից, ովքեր տեսել են կատարվածը, բեռնատարի վարորդը փորձել է արգելակել նախքան ավտոբուսին բախվելը: «Բեռնատարը բախվել է ավտոբուսին արդեն թեքված վիճակում: Ես տեսա, թե ինչպես է վարորդը գոռում անմարդկային ձայնով։ Նա արդեն գիտակցում էր կատարվածի ողջ սարսափը»,-ասում է բնակիչներից մեկը:
Բնակիչների հետ զրույցից պարզվում է, որ այս ճանապարհը միշտ վտանգավոր վիճակում է եղել, միշտ վթարներ են գրանցվել: «Այստեղ միլիոնավոր վթարներ են եղել: Ինչո՞ւ հենց այս խաչմերուկում: Որովհետև այս վայրը անիծված է,-կարծում են բնակիչները: Այստեղ վթարները միշտ եղել են ու դեռ կլինեն: Այստեղ ամեն շաբաթ մի վթար լինում է: Մենք մեզ մեղավոր ենք զգում, որ շատ հետևողական չենք եղել այստեղ լուակիր դնելու հարցում»։ Ահա այս ու նման կարգի հազար ու մի բացատրություններ են տալիս գյուղի բնակիչները:
Ինչպես տեղեկանում ենք հեռուստաընկերության տեսանյութից, որը առաջարկում ենք դիտել ստորև, մարդկանց մի լուրջ զանգված, իրոք, հավատում է, որ վթարի պատճառը գերբնական ուժերն են, և նույնիսկ փորձում են գիտականորեն ապացուցել դա: Այսպիսով՝ անիծված վայր, աստղերի դասավորվածություն, մոտակա գերեզմանատանը թաղված խորհրդավոր անձինք: Եկեղեցի է եղել, որը քանդվել է կոմունիստների ժամանակ, որտեղ մարդիկ իրենց բնական կարիքներն էին հոգում: Սրանք կարծիքներ են, որ հնչեցնում են մարդիկ հատիկ առ հատիկ՝ հիշելով տարբեր տարիներին տեղի ունեցած խոշոր վթարները հենց այդ նույն խաչմերուկում:
Թե ինչու երկնային ուժերը որոշեցին, որ կոմունիստների կամ անիծյալ գերեզմանատանը թաղված առեղծվածային ու տանջվող հոգիների համար պետք է պատասխան տա Հրաչյա Հարությունյանը, երկար կարելի է բանավիճել: Ինչևիցե, թողնելով աստղերի դասավորվածությունը, գուշակությունները և անիծյալ գերեզմանատներն ու քանդված, պղծված եկեղեցիները՝ վերադառնանք փաստերին:
Հրաչյա Հարությունյանի փաստաբանը հարցազրույց է տվել «ВМ» ռուսական պարբերականին՝ նշելով, որ իր պաշտպանյալը, գիտակցելով տեղի ունեցածը, փորձում է ինքնասպան լինել:
«Նրա ֆիզիկական վիճակը նորմալ է: Իհարկե, կան բազմաթիվ վնասվածքներ՝ գանգուղեղի ցնցում, կրծավանդակն է սեղմվել, կոտրված է ձեռքը, սակայն այդ ամենը ոչինչ է՝ նրա հոգեկան վիճակի հետ համեմատած: Բնականաբար, նա տառապում է: Երբ նա իմացավ կատարվածի մասին, սկսեց լաց լինել, նա ցնցվում էր ամբողջ մարմնով, բժիշկները ստիպված էին հանգստացնող ներարկել»:
Լրագրողի այն հարցին, թե ի վերջո, ինչ է տեղի ունեցել, ինչ է այդ մասին ասում իր պաշտպանյալը, փաստաբան Մալցևը պատասխանել է. «Սկսենք նրանից, որ նա առհասարակ չպետք է այդ բեռնատարի ղեկին հայտնվեր: Այդ չարաբաստիկ օրը Կամազի վարորդը հիվանդացել էր: Իսկ պատվիրատուն արդեն սպասում էր խճաքարին, որի համար վճարել էր: Հարությունյանի գործատուն նրան խնդրել էր պատվերը ժամանակին տեղ հասցնել»:
Սակայն փորձառու վարորդի համար մի մեքենայի ղեկից մեկ այլի ղեկին նստելը պիտի որ խնդիր չլինի. կարծում է լրագրողը, ինչին ի պատասխան՝ փաստաբանը պատասխանել է. «Սկզբունքորեն, այո: Եթե միայն հաշվի չառնենք այն, որ իր սեփական բեռնատարի տեխնիկական սարքինությանը հետևում էր ինքը Հարությունյանը, իսկ այս բեռնատարինը հոգում էր չգիտես թե ով: Հրաչյան միայն ճանապարհին էր հասկացել, որ բեռնատարի արգելակները չեն աշխատում այնպես նորմալ, ինչպես՝ իր սեփական մեքենայինը:
Գերծանրաբեռնված բեռնատարը փորձել էր արգելակել: Հարությունյանը ինձ ասել է, որ ինքը նկատել էր սլացող 2 մեքենաները, հասկացել էր, որ եթե չարգելակի, կբախվի նրանց, սակայն ինչպե՞ս արգելակել խափանված մեքենան: Նույնիսկ արագությունը գցելը չէր օգնի, քանի որ բեռնատարը գերծանրաբեռնված էր: Մնում էր միայն շրջել բեռնատարը, սակայն ո՞ր կողմ. շուրջբոլորը բնակելի տներ և մեքենաներ են: 20 տոննա քաշով մեքենան կճզմեր իր տակ ցանկացած շինություն: Ես հասկանում եմ կատարվածի ողջ պատասխանատվությունը, սակայն ավտոբուսը, որին բախվել էր Հարությունյանը, նա պարզապես չէր նկատել»,-ասում է փաստաբանը:
- Իսկ մի՞թե ոչ մի կերպհնարավոր չէր լինի խուսափել վթարից,-հետաքրքրվում է լրագրողը:
- Ի սկզբանե պետք չէր այդ մեքենայի ղեկին նստել, հատկապես, եթե զգում ես, որ մի բան այն չէ դրա հետ: Սակայն մի շատ կարևոր բան եք մոռանում: Այստեղ այլ դրդապատճառ կա: Քեզ վարձել են աշխատելու, և դու կա՛մ կատարում ես պատվերը, կա՛մ քեզ ազատում են աշխատանքից,-նշում է փաստաբանը:
Լրագրողը հետաքրքվել է, թե որն է Հարությունյանին վարձած ընկերությունը, որը ԶԼՄ-ներում հայտնվում որպես «Стройавтосервис» ԲԲԸ, ինչին փաստաբան Մալցևը զարմանքով է արձագանքել՝ ասելով. «Գիտեք, ես զարմանում եմ, թե որտեղից եք դուք գտել այդ կազմակերպության անունը: Նույնիսկ ես, որ նրա փաստաբանն եմ, տեղյակ չեմ, թե ում մոտ էր աշխատում Հարությունյանը: Նույնիսկ նա չի կարողանում հստակ նշել դրա անունը: Հրաչյան կոնկրետ պատվերներ էր ստանում և կատարում էր: Այլ բան նա չի հիշում կազմակերպության անունից՝ բացի Համլետ անունով մենեջերից, ում ազգանունը նա նույնպես չգիտի: Նրա աշխատանքն օրավարձով էր: Դուրս եկար գիծ, քշեցիր, երեկոյան փողդ ստացար»:
-Այսօրվա դրությամբ Հարությունյանը չի ընդունել իր մեղքը և հրաժարվում է ցուցմունք տալուց, դա այդպե՞ս է,-հետաքրքվում է լրագրողը:
- Այդ ամենը բյուրոկրատական քաշքուկ է միայն և հետևանք է քննչական արձանագրության կազմման անհրաժեշտության: Եթե մարդը հրաժարվում է ցուցմունք տալուց, ապա մեխանիկորեն համարվում է, որ նա չի ճանաչել իր մեղքը: Իսկ այդ օրը նա, առողջական նկատառումներից ելնելով, պարզապես ի վիճակի չէր ցուցմունք տալ: Արձանագրության մեջ այդպես էլ ասված է. «Համաձայն ՌԴ Սահմանադրության 51 հոդվածի՝ իմ առողջական վիճակից ելնելով՝ այս պահին հրաժարվում եմ ցուցմունք տալուց: Ցուցմունքը կլինի ավելի ուշ»: Ես կարծում եմ, որ Հրաչյան դեռ կարտահայտի իր կարծիքը տեղի ունեցածի կապակցությամբ,-եզարափակել է փաստաբանը:
Նյութը պատրաստեց Հասմիկ Մուրադյանը