ԳԱԼԱ. Մոսկվայում տեղի ունեցած աղետալի ավտովթարին հաջորդած զարգացումները իրականում իրենց մեջ քաղաքական ենթատեքստ են պարունակում, որտեղ շատ հստակ մեսիջներ կան' ուղղված ՀՀ գործող իշխանություններին: Այդ մեսիջները Սերժ Սարգսյանին փոխանցվել են կոնկրետ գործողություններով եւ ռուսական հեռուստաալիքների միջոցով:

Հայտնի փաստ է, որ ռուսական հեղինակավոր լրատվամիջոցները գործում են Կրեմլի անմիջական հրահանգների շրջանակներում: Իսկ «Россия» եւ ОРТ հեռուստաընկերությունները ուղղակիորեն համարվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քարոզչական «կացինները»: Եվ հենց այս նույն հեռուստաընկերությունների առաջնորդությամբ Պոդոլսկում տեցի ունեցած ավտովթարի ժամանակ «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանին ռուսական գրեթե բոլոր լրատվամիջոցները ընտրեցին որպես քննադատության թիրախ' չմոռանալով անընդհատ շեշտել, որ նա ՀՀ քաղաքացի է: Իսկ կանացի ծաղկավոր խալաթով դատարան Հրաչյա Հարությունյանին բերելը մեծ ոգեւորությամբ ցուցադրվեց համառուսաստանյան հեռուստաընկերություններով:

Հատկանշական է, որ ՀՀ քաղաքացիությունը ծաղրող եւ հեռուստառեպորտաժի մեջ Հրաչյա Հարությունյանին վիրավորող «Россия 1» հեռուստաալիքի լրագրող Օլգա Սկաբաեւան ստացել է «Պուտինյան TV-ի երկաթյա տիկնիկը» մականունը՝ բնականաբար իր պրոիշխանական եւ պրոպուտինյան աչառու «լրագրողական» գործունեության համար: «Россия 1» հեռուստաալիքի լրագրող Օլգա Սկաբաեւան փաստացի համարվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քարոզչական սուր «կացիններից» մեկը, իսկ «Россия 1» հեռուստաալիքը Պուտինի կիսապաշտոնական խոսափողն է:

Բնականաբար զուտ պատահականորեն «Պուտինյան TV-ի երկաթյա տիկնիկը» չէր կարող ծաղրել ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին եւ վթարի հետ կապված հենց սկզբից հրապարակեր բացարձակ սուտ տեղեկատվություն: Որեւէ կասկած լինել չի կարող առ այն, որ անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից է հրահանգ իջել այսպես ասած «փչացնել» ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին՝ հատկապես շեշտադրում անելով նրա քաղաքացիությանը, այլ ոչ թե ազգությանը: Այստեղ ամենեւին էլ կարեւոր չէ Հրաչյա Հարությունյանի ով լինելը, կարեւորը նրա քաղաքացիություն է:

Եթե Կրեմլը ամենաբարձր մակարդակով շահագրգռված է ՀՀ քաղաքացուն հրապարակային նվաստացնելու գործում, ապա դա նշանակում է, որ խնդիրը բացառապես քաղաքական է: Հրաչյա Հարությունյանը պարզապես իրավիճակի զոհ է դարձել, իրականում ծաղկավոր խալաթ հագցրել են ոչ թե Հրաչյա Հարությունյանին, այլ ՀՀ իշխանություններին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Տարբերություն չդնելով գործիքների ընտրության մեջ' ՌԴ

իշխանական վերնախավը գազի սակագնի բարձրացումից, Ադրբեջանին հարձակողական զենք-զինամթերք վաճառելուց հետո փաստացի դիպչում է ՀՀ իշխանությունների եւ հայ հասարակության ամենազգայուն ներվին՝ այն է ՌԴ արտագնա աշխատանքի հնարավորության սահմանափակումը ՀՀ քաղաքացիների համար: Պետական մակարդակով ՀՀ քաղաքացիների նկատմամբ ատելության սերմանումը հարցականի տակ է դնում նրանց անվտանգություն Ռուսաստանում: Հրապարակային ստորացմանն ու ՀՀ քաղաքացիների նկատմամբ ատելության սերմանմանը կարող է հաջորդել շատ կոնկրետ ներքին հրահանգ կամ բացահայտ իրավական սահմանափակումներ, որոնք մի քանի անգամ կդժվարացնեն ՀՀ քաղաքացիների ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելու գործընթացը: Սա այն դեպքում, երբ Հայաստան մտնող տրանսֆերտների 80 տոկոսից ավելին գալիս է Ռուսաստան արտագնա մեկնած հայաստանցիներից: Այդ հոսքերի էական կրճատումը սոցիալ-տնտեսական ճգնաժամ կառաջացնի Հայաստանում, ինչը իշխանությունների համար ճակատագրական կարող է լինել:

Սերժ Սարգսյանը Եվրոպայի եւ Ռուսաստանի խաչմերուկում իր արտաքին քաղաքական դեգերումների մեջ այնքան է խճճվել ու կորցրել ադեկվատության զգացողությունը, որ այդ իսկ պատճառով որեւէ համարժեք պատասխան չի կարող տալ Ռուսաստանի կողմից վարվող ակնհայտ թշնամական եւ նվաստացուցիչ քաղաքականությանը: Կարելի է չկասկածել, որ եթե ավտովթարի մեջ ռուս լրագրողների կողմից մեղավոր ճանաչվեր ասենք ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը, ապա Պուտինը չէր վարանի ծաղկավոր խալաթ հագցնել անգամ դեսպանին եւ նրան հեռուստատեսությունով ցուցադրել: Ստեղծված իրավիճակում ՀՀ գործող նախագահին եւ դիվանագիտական կորպուսին մնում է միայն լռել եւ գլուխները կախ դիմանալ ռուսական մահակի ամեն մի հարվածին, նրանք որեւէ դիմադրողականության ռեսուրս այլեւս չունեն: Այս պարագայում Հայաստանում իշխանության համար պայքարի մեջ կարող է կարեւոր գործոն դառնալ այն հանգամանքը, թե ով կկարողանա արդյունավետ «լեզու գտնել» Պուտինի հետ:

Դերենիկ Մալխասյան