Օրերս Նոր Մոսկվայում գրանցված աղմկահարույց ավտովթարի ակամա մեղավոր հանդիսացող Հրաչյա Հարությունյանը, ով հիմա գտնվում է կալանավայրում, ոչ մի կապ չունի իր ընտանիքի անդամների ու հարազատների հետ: Հարազատները ևս ոչ մի կերպ չեն կարողանում հաղորդակցվել ՀՀ քաղաքացի, բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեց Հրաչյայի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ երեկվանից Ռուսաստանում գործող ՀՀ դեսպանատնից և Ռուսաստանի հայերի միության վարչությունից տարբեր լրատվամիջոցներին վստահեցնում էին, որ ձեռնարկվում են քայլեր ոչ միայն հայազգի վարորդի անվտանգությունը ապահովելու, նրան իրավաբանական և հոգեբանական օժանդակություն ցուցաբերելու, այլև նրա համար, որ վարորդը կարողանա գեթ մեկ անգամ միջնորդների օգնությամբ հեռախոսով խոսել ընտանիքի անդամների հետ:
Սակայն այսօր նրա դուստրը՝ Լիլիթը, ԳԱԼԱ-ին ասաց, որ ինքը անգամ տեղյակ չէ նման խոսակցություններից, և իրենք նման հեռախոսազրույց չեն ունեցել:
«Մեզ ոչ ոք այդ մասին ոչինչ չի ասել և չի վստահեցրել, մենք միայն փաստաբանների հետ ենք խոսում»,- ասաց Լիլիթ Հարությունյանը:
Ընտանիքի անդամները զրուցում են միայն փաստաբանների հետ և տեղյակ են նաև, որ Հրաչյան իր մեղքը չի ընդունել և ասել է, որ ավտոմեքենան, որը ինքը վարում է, տեխնիկական խնդիրներ է ունեցել...
Հավելենք նաև, որ այսօր Հրաչյա Հարությունյանի դուստրը հանդիպել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ և ասել, որ ինքը ցանկություն ունի մեկնել Մոսկվա՝ տեսակցելու հորը' համոզմունք հայտնելով, որ իր հետ հանդիպումը կօգնի Հրաչյա Հարությունյանին դուրս գալ հոգեբանական ծանր վիճակից, ինչպես նաև թույլ կտա իրենց համոզվել, որ Հրաչյա Հարությունյանը գտնվում է նորմալ վիճակում:
Հենց այդ նպատակով է, որ ֆինանսական ծանր վիճակում գտնվող Հարությունյանների ընտանիքը հաշվեհամար է բացել, որպեսզի ցանկություն ունեցող քաղաքացիները հանգանակություն կատարեն:
Քրիստինա Մկրտչյան