Ոստիկանության համակարգում շարունակվող գործընթացները միտված են եղել հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճի բացառմանը:
Այս մասին նշվել է այսօր ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում, որի ընթացքում ամփոփվել են 2013թ. առաջին կիսամյակում ՀՀ ոստիկանության ծառայությունների և ստորաբաժանումների օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքները:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության փոխանցմամբ, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ անցկացված նիստում նշվել է, որ հիմնականում վերոհիշյալ գործընթացներով է պայմանավորված 2013թ. 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճը' 12,2%-ով կամ 924 դեպքով (2012թ. 6 ամիս' 7560, 2013թ. 6 ամիս' 8484)։
Հաշվետու ժամանակահատվածում նվազել են սպանության, սպանության փորձի , դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու և խուլիգանության դեպքերը: Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների նվազման հետ մեկտեղ, ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 2013թ. 6 ամիսների ընթացքում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացվել է 517 միավոր հրազեն:
Ըստ առանձին հանցատեսակների, 2013թ. առաջին կիսամյակի համեմատությամբ, բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվում մի շարք հիմնական հանցատեսակներով' սպանություններով, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, այդ թվում ծանր, բռնաբարության և բռնաբարության փորձի, անձնական գույքի խարդախության և կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու դեպքերով:
Հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտման արդյունավետությունն աճել է 23 դեպքով կամ 28,0%-ով (82-105):
Հաշվետու կիսամյակում հետևողականորեն շարունակվել է ոստիկանության ինքնամաքրման գործընթացը' ընդհանուր առմամբ, կարգապահական տույժի են ենթարկվել 339 ծառայողներ, որոնցից 202-ը' ստացել են նկատողություն, 114-ը' խիստ նկատողություն, 14-ը ազատվել են ոստիկանությունում ծառայությունից և այլն:
Հեղինակ: