Հուլիսի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2013 թվականի առաջին կիսամյակում ՀՀ ոստիկանության ծառայությունների և ստորաբաժանումների օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքները:
Նիստը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Հիմնական զեկույցով հանդես եկավ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանւթյան գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:
Նշվեց, որ չնայած ՀՀ համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված աշխատանքային ծանրաբեռնվածությանը, 2013թ. առաջին կիսամյակում ՀՀ ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները, հանրապետությունում վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական կարգ ու կանոն։
Ոստիկանության համակարգում շարունակվող գործընթացները միտված են եղել ինչպես հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճի բացառմանը:
Հիմնականում վերը նշված գործընթացներով է պայմանավորված 2013թ. 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճը' 12,2%-ով կամ 924 դեպքով (2012թ. 6 ամիս' 7560, 2013թ. 6 ամիս' 8484)։
Հաշվետու ժամանակահատվածում նվազել են սպանության, սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու և խուլիգանության դեպքերը:
Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների նվազման հետ մեկտեղ, ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 2013թ. 6 ամիսների ընթացքում առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացվել է 517 միավոր հրազեն:
Ըստ առանձին հանցատեսակների, 2013թ. առաջին կիսամյակի համեմատությամբ, բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվում մի շարք հիմնական հանցատեսակներով' սպանություններով, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, այդ թվում ծանր, բռնաբարության և բռնաբարության փորձի, անձնական գույքի խարդախության և կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու դեպքերով:
Հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտման արդյունավետությունն աճել է 23 դեպքով կամ 28,0%-ով (82-105):
Հաշվետու կիսամյակում հետևողականորեն շարունակվել է ոստիկանության ինքնամաքրման գործընթացը' ընդհանուր առմամբ, կարգապահական տույժի են ենթարկվել 339 ծառայողներ, որոնցից 202-ը' ստացել են նկատողություն, 114-ը' խիստ նկատողություն, 14-ը ազատվել են ոստիկանությունում ծառայությունից և այլն:
Ելույթներով հանդես եկան ոստիկանության մարզային ստորաբաժանումների ամփոփիչ խորհրդակցություններին մասնակցած կոլեգիայի անդամները՝ ներկայացնելով իրենց դիտարկումներն ու նկատառումները:
Քննարկումն ամփոփեց և ոստիկանության աշխատանքում առկա թերություններին ու բացթողումներին անդրադարձավ ոստիկանւթյան պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության ստորաբաժանումների իրականացրած օպերատիվ-հետախուզական գործունեության կիսամյակային արդյունքներին, առկա խնդիրներին և ընդգծեց ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի դերն ու պատասխանատվությունը համակարգի բարեփոխումներն անշրջելի դարձնելու գործում:
Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին: