Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում hուլիսի 12-ին տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ' նվիրված 2014թ. առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Ռազմական խորհրդի նիստը վարել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

 

Բանակի հրամանատարի ներածական խոսքից հետո, որում անդրադարձ է կատ արվել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ընթացիկ և հավանական զարգացումներին ու այդ համատեքստում մեր հետագա անելիքներին, մեկնարկել են ռազմական խորհրդի բուն աշխատանքները:

 

Այնուհետև, ըստ ուղղությունների, համապարփակ զեկույցներով հանդես են եկել բանակի հրամանատարի տեղակալները, որոնք ոչ միայն խոսել են իրենց պատասխանատվության տակ գտնվող ուղղություններում արձանագրված դրական տեղաշարժերի մասին, այլև նշել են ի հայտ եկած թերացումները և դրանք շտկելու գործառույթները:

 

Ամփոփելով ռազմական խորհրդի և կիսամյակի արդյունքները' պաշտպանության նախարարը դրանք համարել է գոհացուցիչ և հայտնաբերված թերացումներն ու բացթողումները շտկելու համար տվել համապատասխան ցուցումներ ու հրահանգներ:

 

Նիստին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալներ, շտաբի բաժինների և ծառայությունների պետեր, միավորումների ու զորամասերի հրամանատարներ և նրանց տեղակալներ, գումարտակների հրամանատարներ, զինկոմիսարիատների և ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչներ: