Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում մարտի 5-ին տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված զորքերի մարտական պատրաստականության խնդիրներին: Նիստը վարել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները՝ իրենց տեղակալներով, գումարտակների և դիվիզիոնների հրամանատարները, զինկոմիասարիատների, հրետանու, հակաօդային պաշտպանության, կապի, ինժեներական ծառայության, տեխնիկական և թիկունքային ապահովման, ռազմաբժշկական ծառայության և մյուս ոլորտների պատասխանատուները:

 

Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ներածական խոսքից հետո, որում նա անդրադարձ կատարելով տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ընթացիկ և հավանական զարգացումներին, խոսել է նաև քննարկվելիք թեմաների կարևորության մասին և ներկայացրել օրվա աշխատակարգը, մեկնարկել են ռազմական խորհրդի պլանով նախատեսված զեկույցները:

 

Վերջում ռազմական խորհրդի նիստի արդյունքները ամփոփել է հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը: Մովսես Հակոբյանը, համարելով այն արդյունավետ և նպատակային, ներկա սպայակազմին հանձնարարել է հետագայում նշված ոլորտներում աշխատանքների կազմակերպման ընթացքում առաջնորդվել և հաշվի առնել այն ուղենշային եզրահանգումներն ու հետևությունները, որոնք կատարվել են ռազմական խորհրդի հերթական նիստի ժամանակ: