Կոտայքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել մարզխորհրդի նիստ, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը: Նիստի աշխատանքներին մասնակցել և մարզում 2014 թվականի հուլիսի 1-ից գյուղատնտեսական համատարած հաշվառում անցկացնելու մասին օրակարգային հարցի շրջանականերում իր համապատասխան դիտարկումներն է ներկայացրել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կոտյաքի մարզպետարանի լրատվության վարչությունից, Վիճակագրական ծառայության ղեկավարն իր խոսքում անդրադարձել է գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակին և կարևորություններին, գործընթացի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև մարզային հանձնաժողովների և համայնքապետերի կողմից ցուցաբերվելիք օժանդակության անհրաժեշտություններին:
Այնուհետև հուլիսի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքն ու համապատասխան ցուցանիշներն է ներկայացրել մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լադիկ Նահապետյանը:
Մարզի խորհրդի նիստի օրակարգի հարցերի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սամվել Հակոբյանն անդրադարձել է համայնքներում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում իրականացված վարչական հսկողության գործընթացին, ինչպես նաև համայնքների և հանրապետական գործադիր մարմինների համագործակցության մի շարք ուղղությունների:
Ամփոփելով մարզի խորհրդի նիստի աշխատանքները' Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն իր խոսքում ընդգծել է քննարկված հարցերի ուղղությամբ պահանջվող աշխատանքների արդյունավետ կազմակերպման կարևորությունները:
Նիստի ավարտին քննարկվել են մի շարք ընթացիկ հարցեր ևս: