Դեպքի մասին տեղեկությունն ստանալուն պես դեսպանությունն անհրաժեշտ գործողություններ է ձեռնարկել'պարզելու համար իրավիճակը և ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար:
Արդյունքում կապ է հաստատվել տեղական ինքնակառավարման մարմիների և բժշկական հաստատության տնօրինության հետ: Ըստ նախնական տեղեկությունների վթարը տեղի է ունեցել Նինոծմինդա բնակավայրից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա' արագության սահմանազանցման պատճառով մեքենայի կառավարումը կորցնելու հետևանքով: Մեր հայրենակիցները ուղևորվելիս են եղել դեպի Վրաստանի սևծովյան հանգստավայրերից մեկը:
Դեպքի վերաբերյալ կատարվում է հետաքննություն: Դեսպանությունը կապի մեջ է նաև Վրաստանի հետաքննության և քննչական մարմինների հետ և հետևելու է քննության ընթացքին:
Այս պահին 9-ամյա Մարիա Կարապետյանը և 24-ամյա Հրայր Դավթյանն արդեն տեղափոխվել են և գտնվում են ՀՀ տարածքում, Գյումրիի բուժհաստատություններից մեկում: Անչափահասներ Լիլի Կարապետյանը և Ռուզան Կարապետյանը դեռևս գտնվում են Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցում, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Վերջիններիս հետ է նաև նրանց մայրը, որի հետ ՀՀ հյուպատոսը հեռախոսային կապի մեջ է:
Դեսպանությունը մշտական կապ է պահպանում հիվանդանոցի տնօրինության և շրջանի ղեկավարության, տեղի հայկական հոգևոր և համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Ըստ անհրաժեշտության կձեռնարկվեն բոլոր գործողությունները ՀՀ քաղաքացիների անվտանգության ու առողջության պահպանման ուղղությամբ:
Միաժամանակ, առիթից օգտվելով, հարկ ենք համարում նշել, որ թեև ավարտին է մոտենում հանգստի եւ արձակուրդային շրջանը, այնուամենայնիվ դեռևս կան մարդիկ, որոնք գալիս են կամ պատրաստվում են գալ Վրաստան: Դեպի Վրաստանի լողափնյա հանգստավայրեր մեկնող ՀՀ քաղաքացիների համար անհրաժեշտություն է նախապես ծրագրավորել ճանապորհորդությունը և, մասնավորապես, կարճ թվացող, սակայն իրականում մոտ 700 կմ ճանապարհահատվածն անցնելու համար պարտադիր սահմանել դադարների և հանգստի որոշակի կետեր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ինչը կնպաստի նշված ճանապարհն առավել անվտանգ անցնելուն և հանգիստն առանց ճակատագրական միջադեպերի կազմակերպելուն:
Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում հորդորել բոլոր ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ծրագրում են այցելել հարևան Վրաստան, նախապես ծանոթանան երկրի, մասնավորապես' ճանապարհա-պարեկային օրենքներին եւ բուժծառայության մատուցման պայմաններին, ինչպես նաև ունենան սեփական անվտանգությունն ու առաջին բժշկական օգնությունն ապահովելու համար բոլոր պարտադիր պարագաները: