ԳԱԼԱ-ի լրագրողը տրանսպորտի գնի թանկացման որոշումը կայացնելու օրը ի մի էր բերել ֆեյսբուքյան ստատուսներ, որոնցում քաղաքացիներն արտահայտել էին իրենց վերաբերմունքը երևույթի նկատմամբ: Այժմ ի մի ենք բերել երիտասարդների տարած հաղթանակի արձագանքին առնչվող ստատուսներ:
Ֆեյսբուքյան օգտատեր Հարություն Մկրտչյանը գրել է. «Ամեն տարի հուլիսի 25-ը առաջարկում եմ նշել որպես Երիտասարդության հաղթանակի օր: Այս օրը կարելի է ոսկե տառերով գրել և այս օրը նշել, որովհետև այս հաղթանակը հեշտ չի տրվել: Վարորդ է դանակահարվել, 10-ից ավելի տղաներ բերման են ենթարկվել, կա նաև քրեական գործ: Մի խոսքով սա հեշտ հաղթանակ չէր, սա ուղղակի փառապանծ հաղթանակ էր, որը կարելի է նշել ամեն տարի»:
Հաղորդավար Կարեն Քոչարյանը գրում է. «Հիմա նոր տեսահոլովակ «ՏԵՍԱ՞Ր ԻՆՉ ԵՂԱՎ»: Մի խնդրանք բոլոր հայերին: Անկախ այս որոշումից, ժողովու՛րդ ջան, այսուհետ էլ, եթե հարմար լինի մարդկանց օգնության կարգով տեղափոխել, շարունակե՛ք նույնը անել: Հատկապես ծերերին և երեխաներին: Միևնույն է, հո շալակած չե՞նք տանում»:
Բլոգեր Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տարոնը ժամանակավոր կասեցնում է իրա սխալ որոշումը: Հիմա, կարևորը, չասեք, որ էս խաղեր էին, շեղում են Ձմեռ Պապուց, դես-դեն, ֆլան-ֆստան: Կարևորն էն ա, որ մեր ջահելները վիզ դրին ու հասան ուզածին: Հիմա պետք ա գծատերերին ստվերից հանել. ստիպել, որ ընդհանուր տոմսային համակարգ մտցնեն: Ու մեքենաներով անապահով մարդկանց էլի պետք ա օգնել»:
Գագիկ Մամուլյան. «Հաղթեցինք, քանի որ լիդերը ժողովուրդն էր, քանի որ պայքարը քաղաքականացված չէր ու չէր ծառայում ինչ-որ քաղաքական ուժերի շահերին»:
Տիգրան Քոչարյան. «Մեկը չկա Գալուստ Սահակյանի աչքերի հայացքը հիմա նկարի»:
Կոստանտին Տեր-Նակալյան. «Որ մամայիս զանգեցի ասեցի, որ քաղաքապետն ուղերձ ա արձակել, որով կասեցրել ա տրանսպորտի թանկացման մասին իր հրամանը, էդ պահին մամաս երթուղայինում էր: Նոր զանգել ասում ա, որ ինքը էդ լուրը հայտնել ա երթուղայինում, բոլորը աշխարհով մեկ են եղել ու ամենաշատը վարորդը, ով ուրախությունից իրար խառնված հայտարարել ա. «Քուր ջան, քանի որ էդ ազիզ լուրը դու ասեցիր, ուրեմն որպես մաղարիչ ես չեմ կարա քեզանից դաժե էդ 100 դրամը վերցնեմ»:
Արգիշտի Կիվիրյան. «Բարի օր, Հայաստանի արժանապատիվ ու հպարտ քաղաքացիներ...»:
Իսկ ֆեյսբուքյան օգտատեր Արաքս Մամուլյանը որոշել է համեստություն չանել ու ասել, որ իր դերը տեսնում է Տարոն Մարգարյանի որոշման մեջ:
ՀԳ. «Փաստորեն իզուր չանցան վարորդների հետ իմ ամենօրյա վեճերը 100 դրամ վճարելու համար»:
Արաքս Մամուլյան
Լուսանկարը՝ ֆոտոլուրի