Galatv.am. Քաղաքապետարանի մոտ նստացույց են անում մի խումբ երիտասարդներ, ովքեր պահանջում են պաշտոնանկ անել Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երեւան տրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանին: Լրագրողների հետ զրույցում երիտասարդներից Վահագն Մինասյանը տեղեկացրել է, որ գիշերը ոստիկանության աշխատակիցները հասարակական կարգն էին պահպանում և նրանց հետ կապված որևէ խնդիր չի առաջացել, սակայն որոշ խնդիրներ երիտասարդները գիշերն ունեցել են: Նրանցից Գոռ Առաքելյանը պատմել է, թե ինչ տարօրինակ երևույթներ են տեղի ունեցել գիշերը:

Օրինակ այն, որ գիշերվա ժամը 2:00-3:00-ի սահմաններում երիտասարդներին մի քանի անգամ իբրև թե պատահաբար ջրել են փողոցը ջրով մաքրող մեքենաները, ու երիտասարդների բոլոր փորձերը վարորդներին զգուշացնելու, որ այդտեղ մարդիկ կան կանգնած, անցել են ապարդյուն: Իսկ երբ երիտասարդները թրջվելուց խուսափելու համար ստիպված բարձրացել են քաղաքապետարանի դիմացի գազոնների վրա, այդ ժամանակ էլ միացրել են գազոնը ջրող ջրերը:

«Եվ մենք հայտնվեցինք երկու ջրերի արանքում: Եվ այսպիսի մի գիշերային վարդավառ ապրեցինք, ոստիկաններն էլ այստեղ էին, բայց նրանք չէին թրջվում, որովհետև իրենք բարձունքում էին կանգնած և դա արդեն իրենց բավական էր: Դրանից հետո մոտ մի քանի ժամ գազոնը ջրվում էր, երևի այդպես արագ հասցրել էր չորանալ ցերեկվա ջրելուց հետո»,- ասել է Գոռ Առաքելյանը:

Գոռ Առաքելյանը նաև պատմել է, որ ջրի պատմությունից հետո իրենց են մոտենում քաղաքապետարանի հարակից այգու տրանսվիստիտները և փորձում են ճշտել, թե ինչն է երիտասարդների պահանջը:

«Մենք ներկայացրեցինք, նրանք մեզնից մի քիչ այն կողմ տեղավորվեցինև սկսեցին ոստիկանների հետ զրուցել: Դա մեզ չէր հետաքրքրում, և մենք զբաղված էինք մեր քննարկումներով: Սակայն հետաքրքիր է, որ նրանք մի քանի անգամ ու տարբեր խմբերով գալիս ու անընդհատ ուզում էին իմանալ՝ մենք ի՞նչ ենք անում: Նրանցից մեկին ես հարցրեցի՝ արդեն որերորդ անգամ գալիս եք, և մենք ձեզ պատասխանում ենք, իմաստը ո՞րն է, պա՞րզ չէ: Նա էլ ասաց՝ գիտեք, մեզ ասում են գնացեք իմացեք ինչ են անում, մենք էլ գալիս ենք իմանում ենք: Բայց նրանք չասացին, թե ովքեր են ուղարկում իրենց: Եվ ամեն անգամ, երբ նրանք մեզ մոտենում էին, ինչ-որ երջանիկ պատահականությամբ քաղաքապետարանից դուրս էր գալիս մի օպերատոր ու նկարահանում այդ ընթացքը: Ես չեմ ուզում սա մեկնաբանել ու թողնում եմ հետևությունները տեսնողին ու լսողին»,- ասել է Գոռ Առաքելյանը:

Նշենք, որ պաշտոնապես անժամկետ նստազույց անցկացնելու մասին հայտարարել են Վահագն Մինասյանը և Գոռ Առաքելյանը, սակայն գիշերը այնտեղ մնացել են ևս 10 հոգի:

Խոսելով տրանսպորտի գնի բարձացման դեմ պայքարի հաջողության մասին՝ Վահագն Մինասյանն ասել է , որ եթե լինի համախմբում, ապա շատ այլ հարցեր ևս կարող են լուծում ստանալ:

«Հաջողության գրավականը հենց այդ միասնությունն էր, էներգիան էր, որ միավորում էր մարդկանց ու որից իրենք ոգևորված էին: Եվ հանրությունը պետք է հասկանա, որ միասին կարելի է ցանկացած խնդիր լուծել, կերտել մեր երազած պետությունը: Պետք է վերջ դրվի անպատժելիության, ամենաթողության մթնոլորտին»,- ասել է Վահագն Մինասյանը:

Լիլիթ Թադևոսյան