Ինչպես ԳԱԼԱ-ն հրապարակել էր ավելի վաղ, երեկվանից անժամկետ նստացույց են սկսել Արցախյան պատերազմի վետերան ազատամարտիկները Գյումրու դրամատիկական թատրոնում: Նախաձեռնությունը Երևանի նստացույցի մասնակից ազատամարտիկներինն է, բայց ակտիվորեն մասնակցում են նաև գյումրեցի ազատամարտիկները: Այսօր նրանց թիվն ավելի մեծ էր:

Երեկոյան ազատամարտիկներին իրենց աջակցությունը հայտնեցին նաև գյումրեցի ակտիվ երիտասարդներն ու ուսանողները: Շուրջ 2 տասնյակ ակտիվիստներ դրոշներով ու ցուցանակներով ներկայացել էին դրամատիկական թատրոնի հրապարակ և ներկայացրին, որ իրենք սատարում են ազատամարտիկներին:

«Մենք այսօր հավաքվել ենք ընկերներով, որպեսզի սատարենք և աջակցենք ազատամարտիկներին, որովհետև դեռ մենք ծնված չէինք, երբ նրանք պայքարում, կռվում էին, որպեսզի մենք ապրենք ազատ երկրում: Եվ այսպիսով, ուզում ենք ցույց տալ, որ մենք դա չենք ուրանում և կոչ ենք անում բոլորին, ովքեր կան Գյումրիում և նաև մյուս քաղաքներում, ոտքի կանգնենք և պայքարենք, որ ազատամարտիկներն ապրեն այն կյանքով, որով իրենք արժանի են ապրելու»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից Նորայր Հովհաննիսյանը: Այնուհետև երիտասարդները քայլերթ անցկացրին դեպի Գյումրու քաղաքապետարան և հակառակ ուղղությամբ՝ նպատակ ունենալով իրազեկել քաղաքացիներին և նրանց միանալու կոչ անելով:

Նստացույց հայտարարած ազատամարտիկները ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեցին, որ իրենք ոգևորված են գյումրեցի երիտասարդների այդ քայլով և հպարտ են, որ կռվել ու պայքարել են այսպիսի սերունդ ունենալու համար:

«Ոչ միայն պահանջ է, այլև արժանապատվության հրամայական է: Մեր պահանջը դրամական չէ, այլ բարոյական: Ազատամարտիկը այսօր եթե թշվառ է, ապա դա գալիս է մեր իշխանավորների թշվառ մտածելակերպից, իրենց հոգու թշվառությունից: Սա պետական մոտեցման խնդիր պետք է լինի: Ազատամարտիկը, ով գնացել է պատերազմ, հայրենիք է պաշտպանել և բախտի բերմամբ հետ է եկել, նա այսօր մահանում է, և նրա թաղման համար իր ընտանիքը գումար չունի, սա ողբերգություն է»,- հայտարարեց գյումրեցի ազատամարտիկ Մնացական Մուրադյանը:

Իսկ Արցախյան պատերազմի վետերան Մկրտիչ Բաղդասարյանը, ով մի անգամ հայտարարել էր, որ հրաժարվում է բոլոր պարգևներից ու շքանշաններից, անդրադարձավ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի թեմային, ինչպես նաև այն փաստին, որ ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ Ռուսաստանում ոչ արժանավայել մոտեցում է ցուցաբերվել՝ բացատրելով այդ երևույթների պատճառները:

«Մեր իշխանությունն այնքան թշվառ է, այդ թշվառության արտահայտությունն էր այն, որ մեր ստրատեգիական դաշնակից Ռուսաստանը մեկ միլիարդ դոլարի զենք է վաճառում այն երկրին, ով Կիրովաբադ է ավերել, ով արյան ծով է ստեղծել, բա էդ ինչո՞ւ, դա ինչի՞ց է, կամ որ մեր վարորդին ծաղկավոր խալաթ էին հագցրել: Դա, ես ասեմ, վարորդին չէին հագցրել, էն վարորդին, որ կռվող տղա էր, մեզնից մեկն էր, ազատամարտիկ էր, էս մեր երկրի ղեկավարությանն էին հագցրել, որ ձենները չելավ, մենակ ՄԻՊ պաշտպանը արձագանքեց, էն էլ մի քանի օր ուշ»,- ասաց Մկրտիչ Բաղդասարյանը:

Քրիստինա Մկրտչյան