Թել Ավիվում փետրվարի 3-ին Բելառուսի դեսպանատան մոտ Հայ դատի հանձնախումբը, ՀՅԴ երիտասարդական միությունն անցկացնում են բողոքի ակցիա' ի պաշտպանություն լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինի: Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սևանը նշեց, որ բողոքի ակցիայի մասնակցիները «Ազատություն Լապշինին», «Լրագրողները հանցագործներ չեն» և նմանատիպ այլ պաստառներ են բարձրացրել դեսպանատան առջև:
«Մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում, որ Լապշինն ազատ արձակվի: Մեզ մոտեցավ Բելառուսի հյուպատոսը' ասելով, որ ինքը տեղեկություն չունի գործընթացի վերաբերյալ: Այդուհանդերձ, հետաքրքրվեց, մեզ լսեց, լուսանկարեց և ներս մտավ շենք»,-ասաց Հակոբ Սևանը:
Բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցել են տեղի լրատվամիջոցները:
«Լապշինը Իսրայելի (ինչպես նաև ՌԴ- թղթ.) քաղաքացի է, սակայն Իսրայելի ներքին շուկայի համար այս թեման փակ է, կարծես սահմանափակում կա, քար լռություն է, այս մասին չի խոսվում: Կարծում ենք, որ Իսրայելը պետք է զգույշ հարաբերվի Ադրբեջանի հետ, որովհետև այն բռնապետություն է»,-հավելեց Հակոբ Սևանը:
Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Ալեքսանդր Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն՝ հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել Ադրբեջան: