Լայնածավալ գործողությունները ղեկավարել է Ներքին գործերի նախարարության Գլխավոր վարչության ղեկավար Անատոլի Յակունինը: Ձերբակալվածների թվում են Վիետնամի, Եգիպտոսի, Մարոկկոյի, Սիրիայի և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների քաղաքացիներ: Մոսկվայի ոստիկանության աշխատակիցներն այսօրվա ընթացքում ձերբակալել են հեռավոր արտերկրի և ԱՊՀ պետությունների մոտ 1400 ներգաղթյալների: Նրանց գերակշռող մասը՝ մոտ 1200-ը, Վիետնամից են: Գործողությանը մասնակցել մոտ 900 ոստիկաններ և 80 կամավորականներ: «Հուլիսի 31-ին, առավոտյան ժամը 4-ից, ՆԳՆ աշխատակիցները մայրաքաղաքում անցկացնում էին օպերատիվ-պրոֆիլակտիկ լայնածավալ գործողություն»,- «Life News»-ին ասել են մայրաքաղաքի ոստիկանության մամլո ծառայությունում: Ձերբակալվածները Մոսկվայում և Մերձմոսկովյան տարածքում առանց փաստաթղթերի զբաղվում էին հայտնի ապրանքանիշերի կեղծված հագուստի արտադրությամբ: Շարքային բանվորների հետ միասին իրավապահների ձեռքն են ընկել նաև անօրինական արտադրության կազմակերպիչները: «Նրանք 8 եկվորներ են Իրաքից, Սիրիայից, Վիետնամից և Ադրբեջանից: Այդ թվում 4-ը ռուսաստանյան քաղաքացիություն ունեն: Նրանց նկատմամբ հարուցված է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասով (Հանցավոր խմբավորման կազմակերպում) և 322.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Անօրինական միգրացիայի կազմակերպում)»,- «Life News»-ին հայտնել են ոստիկանությունում: Ներգաղթյալների կուտակման վայրերից մեկը Իրտիշյան անցումն է: Այստեղ հայտնաբերվել են 20 արտադրամասեր, որոնցում աշխատում և ապրում էին Ռուսաստանում ապօրինաբար գտնվող Վիետնամի 1200 քաղաքացիներ: Ըստ ոստիկանության՝ աշխատողներն ընտանիքներով, այդ թվում՝ հղի կանայք և կրծքի երեխաներ, ապրում էին հակասանիտարական պայմաններում: Նրանց թվում էր նաև դանակով հասցված թափանցող վնասվածքով ծայրահեղ վիճակում գտնվող մի կին, ում որակյալ բուժօգնություն չէր ցուցաբերվում: Սովետական փողոցում ևս հայտնաբերվել է արտադրամաս, որում աշխատում էին Եգիպտոսի, Մարոկկոյի, Սիրիայի, Ղրղզստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի 200 քաղաքացիներ: ՆԳՆ-ից հայտնել են, որ նրանցից մի քանիսի մոտ անօրինական զենք է եղել: Խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են Վիետնամի քաղաքացիների բացահայտ կեղծ անձնագրեր, ինչպես նաև ապօրինի հաշվապահական փաստաթղթեր: