Հանրապետությունում դեղձի մթերումը կսկսվի մի քանի օրից, իսկ «Սպայկա» ընկերությունը Տավուշի մարզից արդեն իրականացնում է արտահանում, Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

«Արարատյան դաշտավայրում էլ, երբ մասսայական բերքահավաքը սկսվի, վերամշակողները կընդունեն դեղձը»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե որոշ գործարաններ, օրինակ «Բորոդինո» պահածոների գործարան ՍՊԸ, դժգոհում են, թե պետությունը չի աջակցում մթերված և պահածոյացված ապրանքը արտահանելու հարցում, այդ պատճառով շատ քիչ դեղձ են մթերելու այս տարի, Ռոբերտ Մակարյանը նշեց, որ ամեն մի բիզնես ինքնուրույն է կառավարվում, իսկ պետությունը միայն կարող է օժանդակել։

Հարցին, թե ինչպես է պետությունը աջակցում, պատասխանեց. «Ֆինանսական ռեսուրսներ են հատկացվում էժան, մատչելի պայմաններով, իրենք պետք է նորմալ կառավարում իրականացնեն ու վաճառքի ռազմավարություն մշակեն: Դա միայն գործարանի մենեջմենթի խնդիրն է»,- ասաց նա: