2012թ-ի սեպտեմբերից գործող Գյումրու նորաստեղծ բժշկական կենտրոնն ունի որոշ մասնագետ-բժիշկների կարիք, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը։
Նա տեղեկացրեց, որ կենտրոնը հագեցած է վերջին սերնդի բժշկական սարքավորումներով, սակայն նրանց մի մասը պրակտիկայում կիրառելու համար իրենք մասնագետներ են հրավիրում Երևանի բուժհաստատություններից:
«Մարզերի կտրվածքով ոչ մի հիվանդանոց երբևէ չի ունեցել կորոնոգրաֆիա, որը հնարավորություն է տալիս սրտի հետազոտություն կատարել՝ հարկ եղած դեպքում իրականացնել ստենդավորում: Մեր նորաստեղծ կենտրոնն, ի ուրախություն մեզ ունի այդ սարքավորումը: Մենք ունենք սրտաբաններ, սակայն չունենք սրտաբան-վիրաբույժ: Սրտի պլանային վիրահատություններ, ստենդավորում, սովորաբար, իրականացվում է Երևանում՝ այն էլ ոչ բոլոր բժշկական կենտրոններում»,- ասաց Արմեն Իսահակյանը:
Շիրակի մարզային, Սամարիթեր և Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցների վիրաբուժական և թերապևտիկ բնույթի ծառայությունների միավորումից է ձևավորվել Գյումրիի բազմապրոֆիլ հիվանդանոցը: 210 մահճակալ հզորությամբ և մոտ 400 հոգանոց աշխատակազմ ունեցող բուժհիմնարկում որևէ մեկի մտքով անգամ չէր անցնում, թե նվեր կստանան բավականին թանկարժեք և անչափ անհրաժեշտ սարքավորումներ, սակայն այն գործարկելու համար կկանգնեն խնդրի առաջ:
«Մեր ունեցած կադրերից սրտաբան-վիրաբույժ պատրաստելու համար հարկ կլինի սպասել ևս 3 տարի»,- ասում է Արմեն Իսահակյանը,-մենք մինչև մեր սեփական մասնագետն ունենալը, ով մշտապես կգտնվի հիվանդանոցում, համագործակցում ենք Երևանի մասնագետների հետ»:
Տնօրենի փոխանցմամբ, կենտրոնում նախօրոք հերթագրում ենք սրտի պլանային վիրահատության կարիք ունեցող հիվանդներին: Ունեն պայմանավորվածություն Նորք Մարաշ և Էրեբունի բժշկական կենտրոնների բժիշկների հետ, ովքեր պարբերաբար այցելում են և իրականացնում վիրահատություններ:
«Իհարկե, սա խնդրի ժամանակավոր լուծում է, քանի որ մարդկային կյանքեր փրկելու համար պիտի սեփական մասնագետն ունենա հիվանդանոցը, ով գիշեր-ցերեկ կլինի այստեղ»,- նկատեց Արմեն Իսահակյանը։
«Գյումրու բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքը մշտապես ծանրաբեռնված է աշխատում: Գաղտնիք չէ, որ սրտանոթային հիվանդություններն այսօր առաջին տեղում են հանրապետությունում, իսկ հայերը բժշկին դիմում են շատ հաճախ այն ժամանակ, երբ դանակը հասնում է ոսկորին»,– ավելացրեց նա: