ՆԱՏՕ-ի քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության վարչության գործընկերության և համագործակցության բաժնի պետ Դոկտոր Ալբերտո Բինի գլխավորությած պատվիրակությունը օգոստոսի 7-ից 9-ը գտնվում էր Հայաստանում: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին ուղեկցում էր Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպա Ուիլյամ Լահյուն:
Խմբի այցի նպատակն էր քննարկել «Բարեվարքության ամրապնդումը - Building Integrity» նախաձեռնության շրջանակում ՀՀ ՊՆ կողմից իրականացվող քայլերը և մեթոդական օժանդակություն տրամադրել նախաձեռնության ինքնագնահատման հարցաշարի լրացման հարցերում: «Բարեվարքության Ամրապնդում» նախաձեռնությունը ՆԱՏՕ-ի, մի շարք երկրների և միջազգային հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով մշակված պաշտպնական ոլորտի հակակոռուպցիոն ծրագիր է, որին 2013թ. միացել է նաև Հայաստանը' ի դեմս ՀՀ ՊՆ-ի:
Այցելության ընթացքում ՆԱՏՕ-ի խմբի անդամները ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների բարեվարքության ամրապնդման հարցերի պատասխանատուներին ներկայացրին ծրագրի իրականացման փորձը, ծանոթացան այդ ուղղությամբ մինչ օրս իրականացված քայլերին: Նախքան բուն ծրագրի մեկնարկը խմբի անդամներին ներկայացվեցին ՀՀ ՊՆ կողմից սեփական նախաձեռնությամբ իրականացված «Ազնվության փորձարկման» արդյունքները: Վերջինս նպատակ էր հետապնդում պարզել առանձին ստորաբաժանումների կողմից իրենց գործունեության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի ընկալման և դրանց մասին խոսելու պատրաստակամության աստիճանը:
Խմբի անդամները առանձին հանդիպումներ ունեցան նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի հետ: Նախարարի առաջին տեղակալի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց բարեվարքության ամրապնդման նախաձեռնության քաղաքականությունը' ՀՀ պաշտպանական բարեփոխումների, Պաշտպանության Ռազմավարական Վերանայման և միջազգային գործընկերների հետ համագործակցության համատեքստում: Կարևորվեց ծրագրի ինքնագնահատման փուլի ընթացքում այլ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության հետ փոխգործակցության անհրաժեշտությունը: Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ՆԱՏՕ-ի կողմից ընթացիկ փորձագիտական օժանդակություն տրամադրելու վերաբերյալ:
Նախարարի տեղակալ Արա Նազարյանը ՆԱՏՕ-ի խմբի անդամներին ներկայացրեց ծրագրի իրականացման ընթացքը, ի հայտ եկած հարցերը, անդրադարձավ հարցաշարի լրացման մեթոդոլոգիական խնդիրներին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև միջազգային փորձի շրջանակում ծրագրի իրագործման գործիքակազմի փոխառնման հնարավորությունները:
ՀՀ ՊՆ առաջարկությամբ ՆԱՏՕ-ի խմբի անդամներին ընդունեցին նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները' գրասենյակի ղեկավարի տեղակալ Վիլյամ Հենլոնի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև մի շարք հասարակական կազմակերպություններ և անհատ փորձագետներ: Ներկայացվեցին բարեվարքության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հարակից ուղղություններով ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև ծավալված համագործակցության արդյունքները, խոսվեց հետագա համագործակցության ուղղությունների մասին:
ՆԱՏՕ-ի խմբի անդամներն այցելեցին նաև ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ, որտեղ ինստիտուտի տնօրեն Աշոտ Հայրապետյանը նրանց ներկայացրեց քաղաքացիական ծառայողների համար իրականացվող հակակոռուպցիոն դասընթացները և ինստիտուտի գործունեության այլ ասպեկտներ: