Եվրոպայում բացահայտվել է մարդկանց թրաֆիքինգով զբաղվող հանցավոր խմբավորում: Իսպանիայի եւ Ֆրանսիայի իրավապահների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ձերբակալվել է նշված խմբավորման 75 անդամ:
Համատեղ գործողություններն իրականացվել են Իսպանիայի խոշոր քաղաքներում եւ Ֆրանսիայի սահմանում: Նախաքննությունն ընթանում էր 2011 թվականի հուլիսից:
Երկու երկրների իշխանությունների տեղեկացմամբ, հանցագործներն ասիական երկրների քաղաքացիներին անօրինական տեղափոխում էին ԱՄՆ եւ Եվրոպա: Ոստիկանության հաղորդագրության համաձայն, թրաֆիքինգի զոհերի անուններով ձեւակերպվում էին կեղծ փաստաթղթեր, բացի այդ' նրանց սովորեցնում վարքագծի հստակ կանոններ որպես սովորական զբոսաշրջիկ ներկայանալու համար:
Life New-ի փոխանցմամբ, միգրանտների մեծ մասը ենթարկվել են սեռական շահագործման:
Իրավապահների օպերացիայի արդյունքում առգրավվել է 81 անձնագիր, իսկ տուժածների թվում եղել են Չինաստանի, Կորեայի, Մալազիայի, Թայվանի, Ճապոնիայի, Սինգապուրի քաղաքացիներ: Հանցավոր խմբավորման պարագլուխները թաքստոց են ունեցել Իսպանիայում եւ Չինաստանում: