Lragir.am - 70-ականների վերջին խորհրդային ղեկավարությանը զեկուցեցին այն մասին, որ Ուզբեկստանի Ֆերգանայի հովտում, Չեչնիա-Ինգուշեթիայում, Ուֆայում, Կազանում, ինչպես նաեւ Մոսկվայում «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիայի կազմակերպություններ եւ խմբեր են գործում: Չնայած ռուսական հատուկ ծառայությունների երկարամյա հակահետախուզական գործունեությանը, այդ ասոցիացիան դարձավ առաջատար իսլամական կազմակերպություն Ռուսաստանի շրջաններում, ինչպես նաեւ Մոսկվայում:
Դա իրողություն է, եւ ցանկացած պետություն հարկադրված է համակերպվել դրա հետ՝ գերադասելով համագործակցել «եղբայրության» հետ: Տարբեր երկրներում ասոցիացիայի ցանցի տարածման խնդիրներից մեկը արաբական մի շարք երկրների կողմից տվյալ երկրի վրա ճնշման լծակների ստեղծումն է: Միեւնույն ժամանակ, «Մուսուլման եղբայրները» քաղաքական, կրոնական, ֆինանսական եւ մշակութաբանական բնույթի միջազգային քաղաքական ակումբների օրգանական մասն է: Այս ասոցիացիան շատ բազմազան է եւ գնալով ավելի շատ է էթնիկ բնույթ ձեռք բերում:
Օրինակ, վերջին 3-4 տասնամյակներում «եղբայրությունը» սկսել է տարածվել Թուրքիայում բնակվող սուննի մուսուլման հայերի շրջանում: Արաբական պետությունների հետ ԽՍՀՄ եւ Ռուսաստանի հարաբերությունների ողջ պատմության ընթացքում այդպես էլ չի հաջողվել «Մուսուլման եղբայրների» տարբեր «օթյակների» առաջնորդների հետ բավականաչափ վստահելի եւ առարկայական հարաբերություններ կառուցել, որոնք, որպես կանոն, Ռուսաստանի ներկայացուցիչներին ուղարկում էին զանազան աշխարհիկ քաղաքական գործիչների մոտ:
Ի տարբերություն Ռուսաստանի, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան եւ ԱՄՆ-ը խորը հարաբերություններ ունեն «եղբայրների» հետ, ընդ որում, հարաբերությունների, մարդկանց եւ հանգամանքների ողջ «հորիզոնականով: Խորհրդային Միության տարիներին արտաքին քաղաքականության այդ բացը փոխհատուցվում էր Մոսկվայի լայն ազդեցությամբ, արաբական եւ իսլամական շատ երկրների հետ սերտ հարաբերություններով: Ներկայում Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը մշտապես բախվում է կապերի սահմանափակությանը:
Բացի այդ, նոր հանգամանք է երեւան եկել՝ արաբական տարբեր երկրներում «եղբայրները» սկսել են համաձայնեցնել իրենց գործունեությունը, այդ թվում կառավարությունների հարթությունում, ռուսական ուղղությամբ: Պաղեստինցի ինտելեկտուալներից մեկի կարծիքով, ԽՍՀՄ-ը չափից շատ է տարվել այսպես կոչված աշխարհիկ ձախ շարժումներով եւ վարչակարգերով եւ թանկ ժամանակ է կորցրել, երբ Մոսկվան ավելի ընդարձակ հնարավորություններ ուներ:
Ներկայում Մոսկվայում մշակվում է (ավելի ճիշտ, շարունակում է մշակվել) Մերձավոր Արեւելքի նկատմամբ քաղաքականության հայեցակարգը: Ընդ որում, այդ աշխատանքը բավական տարօրինակ մթնոլորտում է տեղի ունենում՝ ԱԳՆ փոքր դերի, ռուսական փորձագիտական հանրության սահմանափակ հնարավորությունների, նախագահի վարչակազմի, պաշտպանության նախարարության կոմերցիոն տրամադրությունների եւ պատասխանատու կառույցների շահագրգռվածության բացակայության պայմաններում:
Հնարավոր է, նշաններ կան, որ պահպանողական ռուս դիվանագետները եւ այլ մասնագետները գերադասում են պնդել բազմակողմ հարաբերությունների զարգացման վրա՝ հատուկ շեշտ չդնելով առանձին պետությունների եւ քաղաքական շարժումների վրա: Ռուս դիվանագետները խոստովանել են, որ վերջին 20 տարիներին շիա կամ քրիստոնյա համայնքների ուղղությամբ որոշակի «թեքում» անելու ցանկացած առաջարկ կամ նախաձեռնություն դիմադրության է հանդիպել ԱԳՆ խորհրդային դպրոցի որոշ շրջանակների, ինչպես նաեւ որոշ քաղաքական գործիչների կողմից, ովքեր կապված են նավթային, գազային, ռազմարդյունաբերական ընկերությունների հետ: Չի բացառվում, որ «եղբայրները» որոշակի ազդեցություն ունեն Մոսկվայի քաղաքական եւ կոմերցիոն շրջանակների վրա:
Վերջին ժամանակներս նշանակալի իրադարձություններ են տեղի ունեցել Մերձավոր Արեւելքի շիա եւ քրիստոնյա համայանքների հետ Ռուսաստանի հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Խոսքը նախեւառաջ Լիբանանի, Սիրիայի, ինչպես նաեւ Իրաքի մասին է: Բարձր մակարդակի այդ շփումներն ուշացած են, սակայն դրանում շահագրգռված են տարածաշրջանի շատ էթնոկրոնական հանրություններ: Միեւնույն ժամանակ, շիա աշխարհի հետ Ռուսաստանի մերձեցման խնդրին ուշադիր հետեւում են «եղբայրները» եւ անմասն չեն մնա այդ գործընթացներին:
Ավելի վաղ Ռուսաստանը «սխալներ», ավելի ճիշտ, քաղաքական անխելքություն է արել Իրանի նկատմամբ՝ հուսալով, որ իրանցիները շուտով կմոռանան դա եւ մատի շարժումով մոտ կվազեն: Իրանցիները կարող են բարեհոգի տեսք ընդունել, սակայն չեն ների նման վերաբերմունքը:
Ներկայում Իրանի քաղաքական ղեկավարությունը լիակատար համաձայնեցմամբ ԱՄՆ հետ հարաբերությունների կարգավորման կուրս է ընտրել: Կարեւոր նշանակություն կարող է ունենալ Իրաքի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը, որտեղ նշանակալի ֆինանսական ռեսուրսներ կան, որոնք կապված են նավթի ու գազի արդյունահանման ոլորտում ռուսական ընկերությունների մասնակցության հետ:
Պարզվում է, որ Միջագետքում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Իրանի շահերը շատ առումներով համընկնում են, այդ թվում, այնպիսի կարեւոր հարցերում, ինչպիսիք են երկրի տարածքային-պետական ամբողջականությունը եւ քրդական պետականության ստեղծումը: Ռուսաստանն ավելի մեծ ուշադրություն է հատկացնում քրդերին, որոնց երկար ժամանակ անտեսել է, քանի որ Իրաքում տնտեսական եւ քաղաքական ներկայություն ծավալելը հազիվ թե հնարավոր լինի առանց իրաքյան քրդերի հետ հարաբերությունների:
Նույն կերպ է վարվում նաեւ Իրանը, որը երկար տարիներ թշնամական հարաբերություններ մեջ է եղել իրաքյան քրդերի հետ: Իրաքյան քրդերի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունն ավելի չափավոր է դարձել, եւ թերեւս քրդական ինքնիշխանության ճանաչման ամենաբարենպաստ պահն անցել է:
Վաշինգտոնում հանրապետականների Սպիտակ տուն վերադառնալու դեպքում կարող է վերակենդանացվել Իրաքում քրդական ինքնիշխան պետության ստեղծման նկատմամբ հետաքրքրությունը, սակայն ներկայում ամերիկացիները կրկին անհրաժեշտ են դարձել Իրաքում, ինչն իրաքյան հանրության կողմից մեծ ակնկալիքներով է ընկալվում, եւ դա, իհարկե, կպահանջի, որ ԱՄՆ-ը պաշտպանի Իրաքի տարածքային-պետական ամբողջականությունը: Տարածաշրջանում երկու հիմնական ուժ կա, որոնք շահագրգռված են Իրաքի փլուզմամբ եւ դրանով իսկ տարածաշրջանային խոշոր, երկարատեւ հակամարտության ծագմամբ, որը կապված է Հյուսիսային Միջագետքում նոր սուննի եւ քրդական պետությունների ի հայտ գալու հետ: Այդ պետություններն, իհարկե, Իսրայելն ու Սաուդյան Արաբիան են:
Ռուսաստանը ողջ ուժով փորձում է պատճենել ամերիկյան քաղաքականությունը, այսինքն, «դրական հավասար հեռավորության», «դուալիզմի», մի խոսքով, «մեր-ձեր» սկզբունքով, ինչպես եւ հարիր է կայսրությանը: Ամեն դեպքում, Մոսկվայում այդպես են ընկալում արդյունավետ քաղաքականությունը: Սակայն ԱՄՆ-ը արդեն հրաժարվել է այդ մոտեցումներից կամ, ավելի ճիշտ, գործընկերների նկատմամբ կիրառում է «բազմազանության եւ ռոտացիայի» համատեղման մեթոդը:
Դեռեւս վստահություն չկա, որ այդ մոտեցումն արդարացված է եւ կբերի քիչ թե շատ հաջող արդյունքի, սակայն, ամեն դեպքում, նման քաղաքականություն կարող է վարել միայն հզոր պետությունը, այլ ոչ թե ազգային ճգնաժամ ապրող պետությունը:
Ռուսաստանը դժվարությամբ է զսպում լիովին իրական արտաքին եւ ներքին ագերսիան, եւ դեռեւս համարժեք իշխող էլիտա չունի: Հնարավոր է, հենց հարձակողական ոճով է նրան վիճակված դուրս պրծնել այդ «ճահճից», սակայն բացակայում է գլխավոր գործոնը՝ հավակնոտ հասարակությունը: Խոշոր եւ ազդեցիկ տարածաշրջանային տերությունը յուրաքանչյուր ուղղությամբ կարող է միայն մեկ գործընկեր կամ էլ մի խումբ գործընկերներ ունենալ: Երկու նապաստակի հետեւից ընկնելու փոխարեն կարելի էր ճզմել օձերից մեկին, սակայն այդքան համարձակություն չկա:
Մոսկվան սկսում է հասկանալ, որ Մերձավոր Արեւելքում իր ներկայությունն ուժեղացնելու հեռանկար ունի ԱՄՆ եւ Իրանի հետ կապով, որոնք շահագրգռված են շիա «գոտու» ուժեղացմամբ: Սիրիայի իրադարձությունները, անկասկած, հանգեցրել են ԱՄՆ, Իրանի եւ Ռուսաստանի շահերի համատեղմանը: Բոլոր երեք տերություններն էլ հասկանում են, որ Բաղդադից քրդական պետականության հեռացումը այսպես թե այնպես կհանգեցնի Թուրքիայի հետ նրա մերձեցմանը եւ նրանից կախվածությանը:
Ներկայում Թուրքիայի չափից շատ ուժեղացման ուղղություններից ոչ մեկը ձեռնտու չէ ամերիկացիներին, ռուսներին եւ իրանցիներին: Ամեն ինչ կարող է ընթանալ բավական բարենպաստ տարբերակներով, եթե այդ երեք տերությունները չշարունակեն առճակատման խաղերը: Միեւնույն ժամանակ, այդ խաղը շատ հեշտ վերականգնելի է:
Իգոր Մուրադյան