Ադրբեջանի ԿԸՀ-ն հաստատել է Ադրբեջանի նախագահի թեկնածու առաջադրված 17 անձանցից 12-ի թեկնածությունը: Հաստատվել են «Ենի Ազերբայջան» կուսակցության ղեկավար, Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի, «Ազադլըգ» կուսակցության նախագահ Ահմեդ Օրունջի, Իլգար Մամեդովի (Ալթայի) և «Ումիդ» կուսակցության նախագահ Իգբալ Աղազադեի, Ադրբեջանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ֆուադ Ալիևի, Ադրբեջանի քաղաքացիական և զարգացման կուսակցության նախագահ Ալի Ալիևի և այլոց թեկնածությունները։

 

Վերոնշյալ 12 անձանցից, ըստ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, նախընտրելի թեկնածուն Իլհամ Ալիևն է: «Հայաստանի համար և ոչ միայն Հայաստանի համար ժողովրդավարության ճանապարհով ընթացող հարևաններն են ձեռնտու: Այստեղից էլ եզրակացություն, որ որպես հարևան, հատկապես որպես բանակցային գործընկեր՝ մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը: Բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, հարցի պատասխանը հետևյալն է՝ մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող Նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր: Մենք անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել: Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը՝ գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունվելը»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

 

Սերժ Սարգսյանի մոտեցումն այս հարցում անհասկանալի է: Ալիևը բազմիցս վիժեցրել է բանակցային գործընթացը, հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումները դարձել են մեր պետության կենցաղի անբաժանելի մասը: Այս ամենին գումարած ռազմատենչ հռետորաբանության չափաբաժնի օրեցօր ավելացումը և Ալիևի կողմից հայ սպային կացնահարած ոճրագործի գնումը Հունգարիայից՝ Ալիևը պաշտոնական Երևանի կողմից պետք է դիտվեր պակաս գրավիչ թեկնածու: Այլ հարց է, որ հավանաբար Հայաստանը այս հարցում դիմել է խորամանկության՝ որպես նախընտրելի թեկնածու դիտելով Իլհամ Հեյդարիչին. Երևանը նրա դեմ քարոզարշավի ծանրակշիռ հղում է տվել ադրբեջանցի ընդդիմադիրներին:

 

Վարուժան Բաբաջանյան