2013թ. հուլիսի 2-ին ՀՀ զինվորական դատախազությունը հայտարարությամբ էր հանդես եկել ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ, իրականացված քննության արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ ստեղծելու նախաձեռնության մասին:
Աշխատանքային խմբում ընդգրկվելու համար հայտ են ներկայացրել հինգ կազմակերպություն' «Հայկական լեգեոն» կամավորական հայրենասիրական միությունը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունները և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակը:
ՀՀ զինվորական դատախազությունը իր երախտագիտությունն է հայտնել հասարակական այն կազմակերպություններին, որոնք արձագանքել են հիշյալ նախաձեռնությանը և իրենց իրավաբան մասնագետների թեկնածությունները ներկայացրել աշխատանքային խմբում ներգրավվելու համար:
ՀՀ զինվորական դատախազությունից ստացված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Չնայած վերջին տարիներին մամուլով և զանգվածային լրատվական այլ միջոցներով ՀՀ ԶՈՒ արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ ի հայտ են եկել իրենց մտահոգ համարող բազմաթիվ կազմակերպություններ, որոնք, ցանկացած առիթի դեպքում կարող են անել հրապարակային, շատ դեպքերում անպատասխանատու և որևէ կերպ չհիմնավորված, հայտարարություններ, այնուամենայնիվ, չօգտվեցին իրենց տրված հնարավորությունից մասնագիտական հարթության մեջ քննարկման առարկա դարձնելու այն բոլոր գործերը, որոնք իրենք, անգամ իրենց հայտարարությունների մեջ, համարել են «կոծկված» կամ «կեղծված»: Միաժամանակ, աշխատանքային խմբում իրենց աշխատանքը իրականում ուղղված կլիներ մահվան ելքով դեպքերի կապակցությամբ իրականացված քննության վերաբերյալ իրենց մտահոգող հիմնախնդիրների լուծումը առավել առարկայական և գործնական դարձնելուն:
02.08.2013թ. ժամը 10-ին ՀՀ զինվորական դատախազությունում կայացավ աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Քննարկման ժամանակ ձևավորվեցին աշխատանքային խմբի գործունեության հիմնական ուղղությունները, աշխատանքային ռեժիմը և կանոնակարգվեցին մի շարք այլ կազմակերպչական հարցեր: Ծավալված ակտիվ քննարկումները և խմբի մասնակիցների առաջարկությունները վկայում են, որ աշխատանքային խմբում ներգրավված իրավաբան-մասնագետները նպատակադրված են իրականացնել բեղմնավոր աշխատանք' աջակցելու քննված քրեական գործերով հնարավոր բաղթողումներն ի հայտ բերելու, ի վերջո' արդարադատության արդյունավետության բարձրացմանը: Աշխատանքային խմբի կողմից ընդունվեց Խմբի աշխատանքների կազմակերպման, որոշումների ընդունման կարգն ու պայմանները և այլ հարցեր, որոնք առավել արդյունավետ կդարձնեն Խմբի գործունեությունը: Ընդ որում, նկատի ունենալով, որ աշխատանքային խմբում քննարկման առարկա կարող են դառնալ միայն այն ավարտված կամ կասեցված գործերը, որոնցով տուժողների իրավահաջորդները ներկայացրել են այդ գործերը վերանայելու դիմում և դիմում ներկայացնելու ժամկետ էր սահմանվել օգոստոսի 26-ը ներառյալ, ուստի աշխատանքային Խումբը իր հաջորդ նիստը կգումարի օգոստոսի 28-ին»: