Հենց նոր ԿԽՄԿ-ից մեզ նամակ բերեցին։ Գրված էր, որ բարևում է, ինքը լավ է, իրեն այնտեղ լավ են վերաբերվում. այս մասին Ռազմինֆոյին հայտնեց Հակոբ Ինջիղուլյանի հորեղբոր տղան՝ Արման Ինջիղուլյանը։
Այն հարցին, թե արդյոք ձեռագիրը Հակոբինն է, Արմանը նշեց, որ այո, բայց չեն կարող ասել, թե արդյոք ճնշման տա՞կ է գրել, թե՞ ոչ։
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներին ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի հանրային կապերի վարչության պետ Իլահե Հուսեյնովան արդեն իսկ մեկնաբանել է, որ ռազմագերու հետ հանդիպումը կայացել է, լուրեր են հաղորդվել Ինջիղուլյանի ընտանիքի մասին, համապատասխանաբար տեղեկություններ են փոխանցվելու ընտանիքի անդամներին՝ կապված ռազմագերու վիճակի հետ։
Տեղեկացնենք, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն առաջիկայում հանդիպելու են ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ։
Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությանը՝ հանդիպումը կայանալու էր օգոստոսի 20-ին՝ Բաքվի ժամանակ 16։00-ին (երևանյան ժամանակով՝ 15։00)։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։