Երեկ Ադրբեջանի Կարմիր Խաչի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպեցին Ադրբեջանի սահմանը պատահմամբ հատած հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հետ: Հայ հանրությանը հայտնի դարձավ, որ զինվորը երկտող էր փոխանցել հարազատներին, որտեղ գրել էր, որ ինքը լավ է: Սակայն պաշտոնական հայտարարություն այն մասին, թե ինչ տպավորություն են ստացել զինվորի հետ հանդիպումից հետո, նա ֆիզիկական և հոգեկան ինչ դրության մեջ է, արդյոք ծեծի ենթարկվել է, թե ոչ, կամ արդյոք հնարավոր է ռազմագերիների փոխանակման հարց քննարկվի, այս մասին Կարմիր Խաչի Բաքվի գրասենյակը լռում է:
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ ՊՆ ևս չի տիրապետում նոր տեղեկությունների:
«Այն, ինչ որ կա՝ կա, ուրիշ ոչինչ հայտնի չէ, եթե անգամ որևէ չնչին նորություն լինի, այդ մասին մենք կհաղորդենք: Ես հիմա չեմ ուզում մեր ձեռնարկած բոլոր քայլերի մասին մանրամասներ բացահայտել, բայց հավաստիացնում եմ, որ ՊՆ-ը ամեն օր, ամեն րոպե աշխատում ենք այդ ուղղությամբ, տարբեր քայլեր ենք ձեռնարկում»:
Հարցին, թե հայկական կողմը դիմե՞լ է կամ պատրաստվու՞մ է արդյոք դիմել Մինսկի խմբի համանախագահող երկրներին, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես այս պահին չեմ կարող ասել՝ դիմել է, թե չի դիմել, բայց հավաստիացնում եմ, որ ՊՆ ամեն ինչ անում է... բայց հիմա դեռ կարելի է սպասել, մանավանդ որ Կարմիր Խաչը ինչ-որ մի բան արել է, սպասում ենք իրենց գործի ավարտին, հետո կտեսնենք՝ ինչ ենք անում»:
Կապ են հաստատել նաև Կարմիր Խաչի ադրբեջանական գրասենյակի ներկայացուցիչների հետ: Մեզ հետաքրքրում էր հայ զինծառայողի առողջական և ֆիզիկական վիճակի մասին հանդիպմանը մասնակից կողմի գնահատականները, սակայն Կարմիր Խաչի Ադրբեջանի գրասենյակից մեզ պատասխանեցին, որ իրենց արգելել են հայկական կողմին որևէ բան փոխանցել: Հորդորեցին դիմել Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակ, որտեղից, սակայն, փոխանցեցին, որ ոչ մի տեղեկություն չունեն:
Շարունակությունն` այստեղ: