www.hayeli.am Հարցազրույց քաղաքացիական ակտիվիստ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ:
Պարո՛ն Խզմալյան, պատմեք, խնդրում եմ, այսօր ի՞նչ է տեղի ունեցել Կոմիտասի 5 հասցեում, ապա նաև պողոտայում, երբ ակտիվիստները, այդ թվում նաև Դուք փակեցիք պողոտայի երթևեկությունը:
Ես տեսա կադրերը, Դուք պառկել էիք հենց ճանապարհի վրա: Դուք այսօր ոստիկանություն բերման ենթարկվածների մեջ կայի՞ք, թե՞ ոչ:
Ո՛չ, ինձ 2 օր առաջ էին տարել: Օգոստոսի 24-ին ոստիկանության կողմից բերման ենթարկվեցին ընդհանուր թվով 17 ակտիվստների, այդ թվում նախախորհրդարանի անդամներ Եղիա Ներսիսյանին, Վարդան Հակոբյանին, մեր երիտասարդներից՝ Գևորգ Ղազարյանին, Մարիամ Սուխուդյանին:
Կոնկրետ ինձ 2 անգամ փորձեց բերման ենթարկել իմ հանդեպ հատուկ <<ջերմություն տածող>> փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանը, ով ընդհանրապես աչքի է ընկնում յուրահատուկ սադիստական և, իմ կարծիքով, հասարակության համար վտանգավոր խառնվածքով: Ես նախորդ օրերին հայտարարել եմ, որ այդ մարդը իսկապես սոցիալապես վտանգավոր է:
Կարո՞ղ եք հիմնավորել Ձեր պնդումը կոնկրետ փաստերով:
Նա երկու անգամ հայհոյել է, շատ լկտի և կեղտոտ, սեռական բնույթի հայհոյանքներով դիմել է մեր 2 ակտիվիստ աղջիկներին՝ Լուսինե Գասպարյանին ու Տաթև Մայիլյանին: Իսկ ակտիվիստ Շողիկ Մելքոնյանին էլ քաշքշել էր և սարսափելի անպատկառ բառեր էր ասել: Աղջկան ասել է. <<Դու լավն ես, դուրս գալիս ես, արի ես քեզ տանեմ ……. անեմ>>: Փաստորեն, օգտվելով իր պաշտոնից և ուսադիրներից, այդ մեծահասակ տականքը երիտասարդ աղջկան այնպիսի անպատկառ բառեր էր ասել, որ նա լաց էր լինում:
Դուք այդ ամենին ականատե՞ս եք եղել, թե՞օրիորդի պատմելով գիտեք:
Ոչ միայն պատմելով՝ Տաթևին ասված հայհոյանքներն այսօր ձայնագրել ենք և շուտով համացանցում պետք է որ լինի: Կարեն Միքայելյան կոչվածը, որը նույնպես փոխգնդապետ է, մեկ մոտենում է մեզ ու շշնջում՝ տղաներ ես Ձեզ հետ եմ, մեկ էլ ճչում է՝ բռնե՛ք նրան, բռնե՛ք նրան: Ցավոք, նման ֆաշիստական խառնվածքով մարդիկ այսօր ներկայացնում են ոստիկանության դեմքը: Նրանք են ծեծում և խոշտանգում մարդկանց: Դրա վառ ապացույցն է Արգիշտի Կիվիրյանի դեպքը, ում ծեծի են ենթարկել ոստիկանական մեքենայի մեջ՝ ձերբակալման ժամանակ: Ինքը հիմա գտնվում է Նոր Նորքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Ահա սա է ոստիկանության դեմքը:
Ի դեպ, ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ և զգուշացրել, որ կարող է դիմել կոշտ միջոցների:
Ֆաշիզմը ֆաշիզմ է, և նման կեցվածքով ոստիկանները, իհարկե, պատրաստ են և՛ էլեկտրաշոկ կիրառել, և՛ ջրցան մեքենաներ օգտագործել ժողովրդի դեմ: Հասկանո՞ւմ եք՝ իշխանությունը գտնվում է հոգեվարքի մեջ և պատրաստ է գնալ ցանկացած դաժան քայլի:
Պարո՛ն Խզմալյան, ոստիկանը նույնպես հասարակության անդամ է …
Ոստիկանը նախ և առաջ այդ հասարակության վարձու աշխատողն է:
Ընդ որում, շատ ցածր վարձատրվող աշխատողը: Ձեր կտրուկ քննադատությունն ուղղված է բոլո՞ր ոստիկաններին, թե՞ կոնկրետ անձանց:
Գիտեք, ասյսօրվա միջադեպի ժամանակ վատացել էր նաև կարմիր բերետավոր ոստիկաններից մեկը: Անունն ու պաշտոնը չեմ ուզում ասել, բայց նա հրաժարվեց կատարել իր աշխատանքը և առանձնացել էր: Նա վատ էր զգացել իրեն, և մեր ակտիվիստներից մեկը օգնել էր այդ ոստիկանին դուրս գալ քաշքշուկի միջից, ջուր էր տվել: Այդ տղան, որը սպա էր, ասաց. <<Էլ չեմ կարողանում կանգնել, Մարտի 1-ի պատկերներն են աչքիս առաջ գալիս>>: Ոստիկանությունում կան նաև շատ նորմալ մարդիկ: Բայց կան նաև Արայիկ Պետրոսյանի և Կարեն Միքայելյանի պես սադրիչ սադիստներ, ովքեր հրահրում են մարդկանց և ամենայն հաճույքով կատարում են այդ անմարդկային արարքները: Ես միշտ ասում եմ՝ տղանե՛ր, Դուք մեր վարձու աշխատողն եք, և Ձեր առաջին խնդիրը հասարակության շահը պաշտպանելն է: Մինչդեռ այդ տղաներին օգտագործում են որպես վարժեցրած շների՝ նրանց բաց թողնելով տարեց կանանց ու միայնակ մայրերի վրա:
Պարո՛ն Խզմալյան, եթե դուք փակում եք Կոմիտասի պողոտան և կանգնեցնում երթևեկությունը, այդ դեպքում, Ձեր կարծիքով, ի՞նչ պիտի անի ոստիկանությունը:
Մենք պահանջ ենք ներկայացրել՝ դադարեցնել անօրինական շինարարությունը: Եթե այդ պահանջը կատարվի, մենք 1 րոպեի ընթացքում կբացենք պողոտան: Մենք 2 անգամ որոշեցինք փակել պողոտան, մի անգամ կարճատև, հաջորդ անգամ՝ ավելի երկար: Մեզ միացան բազմաթիվ քաղաքացիներ: Մեզ հետ էին նախախորհրդարանի ներկայացուցիչները, <<Ժառանգությունից>> կային մարդիկ, մի պահ անգամ ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանը երևաց:
Կիրո Մանոյանն է՞լ եկել Կոմիտասի պողոտան փակելու:
Նա պատահաբար էր հայտնվել այդտեղ, բայց երբ բնակիչները սկսեցին հորդորել, ինքն էլ միացավ ու վիճաբանությոն մեջ մտավ ոստիկանների հետ: Հետո ես իրեն չտեսա: Վերադառնամ Ձեր նախորդ հարցին՝ մենք տեղեկություն ստացանք, որ ոստիկաննները մահակներով և վահաններով գալիս են մեզ վրա: Որոշեցինք, որ չարժի քաղաքացիներին ենթարկել այդ ռիսկին, և բացեցինք պողոտան:
Սա բողոքի ձև է, մենք իրավունք ունենք բողոքել: Մենք դիմում ենք բողոքի խաղաղ միջոցների, բացի փողոց փակելուց՝ կգտնենք նաև պայքարի այլ միջոցներ, բայց սա միայն սկիզբն է:
Իսկ ի՞նչ է լինելու հետո:
Սա քաղաքացիական անհնազանդություն է և մոտ օրերս այդ անհնազանդության օջախները մեծանալու են: Մենք տեսանք անհնազանդության ակցիաները՝ ընդդեմ տրանսպորտի գնի անօրինական թանկացման: Սա նույն շարժման օղակներից մեկն է: Սրան ավելանալու են ուսման վարձերի թանկացման դեմ պայքարը, կարմիր գծերի, գազի գների ու տարբեր սոցիալական խնդիրների դեմ պայքարը: Դա դիմադրություն է և անհնազանդություն է, որն այլընտրանք չունի:
Հարցազրույցը՝ Կարինե Սարիբեկյանի